ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հայոց ցեղասպանության
զոհերի հուշարձանից ոչ հեռու՝ Լենինգրադյան փողոցում:
Համալիրը բաղկացած է երկու դահլիճից՝ սպորտային
և համերգային։ Առաջին դահլիճը շահագործման է հանձնվել 1983 թ., երկրորդը՝ 1984 թ. հոկտեմբերին։
Վերանորոգվել է 1985-1987 թթ.:
Իր հորինվածքով համալիրը ճարտարապետական եզակի
կառույց է: Անհրաժեշտության դեպքում դահլիճները միանում են պտտվող 1008-տեղանոց տրիբունայի
միջոցով՝ էապես ընդլայնելով իրենց օգտագործման հնարավորությունները:
1987 թ. համերգային դահլիճը ձևավորվել է ԽՍՀՄ
ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր-գոբելենով:
1987 թ. կառույցն արժանացել է ԽՍՀՄ պետական
մրցանակի:
1999 թ. համալիրն անվանակոչվել է հայ նշանավոր
պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի
առաջին քարտուղար (1974-1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), ՀՀ ազգային հերոս
Կարեն Դեմիրճյանի անունով։
Հիմնովին նորոգվել է 2007-2008 թթ.:
Համալիրի գլխավոր ճակատին՝ մուտքի վերնամասում,
քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հեղինակած «Վերածնունդ» մեծածավալ բարձրաքանդակն
է (1984)՝ կատարված 60 մ երկարությամբ և 4,5 մ բարձրությամբ կարմիր տուֆե պատի վրա:
2023 թ. համալիր տանող աստիճանների դիմաց տեղադրվել
է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաբայան, ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան):