ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.161
Շենքը
կառուցվել է 1958 թ.` որպես Հայաստանի ճարտարապետների միության վարչության շենք և ճարտարապետի
տուն, որը 1978 թ., Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին անվանակոչվել
է նշանավոր ճարտարապետի անունով: 2018 թ. մարտի 17-ին, Ճարտարապետների միության
19-րդ համագումարում, այն վերանվանվել է Հայաստանի ճարտարապետների պալատ: 1982 թ. բակի
կողմից կցակառուցվել է մասնաշենք:
Շենքը
համաչափ է և երկհարկ։ Կենտրոնական մուտքը ընդգծված է սյունազարդ նախասրահով, որը ձևավորում
է երկրորդ հարկի բաց պատշգամբի եզրապատը։ Երկու դուրս եկող կողային ռիզալիտներից կազմված
են անկյունային ծածկված տիմպան-օթյակներ, որոնք հարստացնում են կառույցի հորինվածքը։
Կենտրոնական
մասը և ռիզալիտներն ունեն նրբագեղ քիվի տեսքով ատամնաշար ավարտ: Պլաստիկ լուծման մեջ
օգտագործված են ազգային ձևերը (քիվ, խոյակ):
Շենքը
կառուցված է մանուշակագույն երանգի մուգ տուֆից, խոյակները՝ բաց դեղնավուն ֆելզիտից:
Հատակագծային
լուծումը պարզ է. գլխավոր մուտքի նախասրահ, նկուղում՝ հանդերձարան, երկրորդ հարկում՝ դահլիճ և ճեմասրահ:
Առաջին հարկի կողային ծավալներում ճարտարապետների միության տարածքներն են, երկրորդ
հարկում՝ ցուցասրահները: Երևանի կարևորագույն հասարակական շենքերից է: Գեղարվեստական
առումով բնորոշ է 1950-ականների ճարտարապետությանը: Աչքի է ընկնում հաջող հատակագծային
լուծմամբ և ճարտարապետական մանրամասների նուրբ քանդակազարդմամբ: