ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.96
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում է քաղաքի
կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցների և Տիգրան
Մեծի պողոտայի հատման հատվածում: Քաղաքի գլխավոր հրապարակն է՝ քաղաքաշինական և տրանսպորտային
կարևոր հանգույց, տարաբնույթ միջոցառումների ու հավաքների վայր: 1940-1990 թթ. կոչվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով։ Հրապարակի եզրին մինչև 1991 թ. կանգնած էր Լենինի արձանը:
Որպես Երևանի գլխավոր հրապարակ՝ այն նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի գլխավոր հատակագծում, 1924 թ.: Կառուցապատվել է մի քանի փուլով:
Հրապարակի ներկայիս տարածքը մտել է Երևանի նախախորհրդային բնակելի գոտու մեջ: Շինարարության սկիզբը դրվել է 1926 թ.՝ Նալբանդյան փողոցի վրա Հողագործության ժողովրդական կոմիսարիատի երկհարկանի շենքի կառուցմամբ, որը հետագայում ներառվել է Կառավարական առաջին տան կազմի մեջ: 1936-1938 թթ. կառուցվել է Հողժողկոմատի շենքի երրորդ հարկը: Զարդաքանդակները կատարել են Տարագրոսը, Վաղարշակ Մելիք-Հակոբյանը:
1935
թ., Կառավարական տան կառուցման հետ կապված, սկսվել է հրապարակի բնակելի տների, ինչպես նաև՝ Աբովյան, Նալբանդյան, Սվերդլովի (այժմ՝ Փ. Բուզանդի) և Ամիրյան փողոցների ու քաղաքային պուրակի կառույցների քանդումը: Քանդվել են զինվորական պարետատան շենքը, բաղնիքը, կինոթատրոնը, պիոներների տունը, մանկապարտեզը, խանութը, Պտի-Շան ռեստորանը և այլն: Կառավարական առաջին տունը կառուցվել է 1926-1940 թթ. և 1950-ական թթ., ճարտարապետներ Ալեքսանդր և Գևորգ Թամանյանների նախագծով: 1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Շենքի Մելիք-Ադամյան փողոցի հատվածը նախագծել է Գևորգ Թամանյանը,
1957 թ.: Շինարարությունն իրականացվել է 1959 թ.: Քանդակները կատարել է Սուրեն Ստեփանյանը:
1936
թ., Ալեքսանդր Թամանյանի մահից հետո, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել է հրապարակի հատակագծման և կառուցապատման նախագծի մրցույթ: Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ
(1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի գլխավորած մրցույթը էական փոփոխություններ չի մտցրել հրապարակի կառուցապատման ընթացքի մեջ:
1939
թ. Կառավարական առաջին տան դիմաց կառուցվել է 12-մետրանոց մայթ, որտեղ նախատեսվել են նաև կանաչապատված տարածքներ:
Հետագայում հրապարակում կառուցվել են՝
ա. Կառավարական երկրորդ տունը՝ «Արարատ» ռեստորանով - 1944-1955 թթ., ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան, ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և
Վարազդատ Արևշատյանի մասնակցությամբ:
Շենքի ճարտարապետական առանձին մասերի և ռեստորանի
ներքին հարդարանքի աշխատանքներին մասնակցել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը: Ռեստորանի
ներսի որմնանկարը ստեղծել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը, խեցե զարդարանքը՝ Հմայակ
Բդեյանը:
բ. «Արմենիա» («Մարիոթ») հյուրանոցը -
1954
(առաջին հերթ) - 1980-ական թթ., շահագործման սկիզբը՝ 1958 թ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, մասնակցությամբ՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն Մելքոնյանի, կոնստրուկտոր՝ Ս. Գ. Բաղդասարյան:
գ. Արհեստակցական միությունների և Կապի նախարարության շենքը - 1956-1978 թթ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան:
Դեռևս 1935 թ. կոնստրուկտիվիստական ճարտարապետության ոճով և ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցվել է Կապի տունը: Եվ քանի որ այն չէր համապատասխանում հրապարակում կառուցվող շենքերի ոճական առանձնահատկություններին, 1956 թ. ներառվել է Կապի տան նոր շենքի մեջ և մնացել նրա ճակատի ետևում:
դ. Թանգարանների շենք (Մշակույթի տուն) - 1940-ական թթ., մշակույթի տան շինարարության հետ կապված, նախկին արական գիմնազիայի շենքը վերափոխվել է: Սկզբնական տեսքով պահպանվել են ներքին տարածությունը և Աբովյան փողոց դիրքորոշված ճակատը, իսկ մնացած սև, տուֆակերտ ճակատները երեսապատվել են սպիտակ քարով: 1954 թ. արական գիմնազիայի վրա կառուցվել է երրորդ հարկ, հրապարակի կողմից կցակառուցվել է թաղակապ, բաց սյունասրահ՝ շենքը հրապարակի համալիրում ներառելու նպատակով (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):
ե. 1980 թ. ավարտվել է պատկերասրահի՝ ութանիստ թմբուկի ձև ունեցող 7-հարկանի շենքի կառուցումը (մշակույթի տան ներքին բակում), որով միաժամանակ ավարտվել է գլխավոր հրապարակի ձևավորումը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, Ա. Ղազարյան): Բարձրությունը 42 մ է:
զ. Երևանի
մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը - 1981 թ., ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան,
Մկրտիչ Մինասյան, կոնստրուկտորներ՝ Օ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան: Հայկական
ԽՍՀ պետական մրցանակ՝ 1983
թ.:
է. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, խորհրդային պետության
հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանը տեղադրվել է հրապարակի
հարավային մասում, Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձի առթիվ: Արձանի բացումը
տեղի է ունեցել 1940 թ. նոյեմբերի 24-ին: Հեղինակներն
են քանդակագործ Սերգեյ Մերկուլովը, թիֆլիսաբնակ ճարտարապետներ Նատալյա Պարեմուզովան և Լևոն Վարդանովը (Վարդանյան): Համարվում էր ԽՍՀՄ-ում կանգնեցված Լենինի լավագույն հուշարձաններից
մեկը: Արձանի նյութը կոփածո պղինձն էր, բարձրությունը՝ 7 մ: Պատվանդանը կառուցված էր
գորշ գրանիտից: Ընդհանուր բարձրությունը 18,2 մ էր: Արձանը պատվանդանից իջեցվել է 1991 թ. ապրիլի 13-ին՝ ԽՍՀՄ պաշտոնական փլուզման նախօրյակին, Երևանի քաղաքային խորհրդի 1991
թ. մարտի 28-ի որոշմամբ։ Քանդակազարդ
պատվանդանը հրապարակում մնացել է մինչև
1996 թ. հուլիսը, որից հետո ապամոնտաժվել է:
ը. Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազանը կառուցվել է 1953 թ., Թանգարանների շենքի
դիմաց, ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով: 1970 թ. շատրվանները վերածվել են գունաձայնային
«երգող» շատրվանների, որոնց հեղինակն է ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյանը: 1978 թ. ստացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակ:
2007 թ. շատրվանները վերակառուցվել են ֆրանսիական «Ակվատիկ շոու ինթերնեյշնլ» ընկերության կողմից: 2011 թ. վերակառուցման ժամանակ նույն ընկերությունն ընդլայնել է շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները:
թ. «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրը կառուցվել է Թանգարանների շենքի դիմաց, 1965 թ., ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի նախագծով: Վերանորոգել է քանդակագործ Արման Նուռը, 2010 թ.:
Հրապարակի ընդհանուր մակերեսը 3,5 հա է: Երկմաս է, 230 x 110 մ առանցքային չափերով: Ձվաձև մասի կենտրոնում կա խճանկար (2003 թ.), որը վերևից նայելիս գորգ է հիշեցնում: Հյուսիսից հարում է ջրավազանով սեղանաձև հատվածը (160 x 80 մ): Շենքերը կառուցված են սրբատաշ, հայկական վարդագույն տուֆով, բաց կաթնագույն ֆելզիտով, ստորին մասերում՝ գորշ բազալտով:
2003 թ. հրապարակում իրականացված վերանորոգման
աշխատանքների ժամանակ ջրավազանի արևմտյան անկյան տակ` 10 մ հեռավորության վրա և «Արմենիա» հյուրանոցի դիմաց` 15 մ հեռավորության վրա, բացվել են ուղղանկյուն
հատակագծերով թաղածածկ նկուղներ: Մասնակիորեն պեղել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
ինստիտուտի արշավախումբը (Հուսիկ Մելքոնյան, Ֆրինա Բաբայան): Չափագրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգնող ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը: Այնուհետև,
հուշարձանները կոնսերվացվել են սորուն ավազով և ասֆալտապատվել: Դրանք XVIII-XX դդ.
Երևանի կառուցապատման ստորգետնյա հատվածներ են, որոնց վերգետնյա շինությունները, ելնելով
հրապարակի կառուցապատման անհրաժեշտությունից, քանդվել են դեռևս 1920-1930-ական թթ.:
Հանրապետության հրապարակի համալիրի գեղարվեստական
կերպարի ստեղծման վրա վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական առաջին տան ճարտարապետությունը,
որը կանխորոշել է մյուս ծավալների համամասնությունները, շենքերի բարձրությունների հարաբերակցությունը:
Հրապարակի շենքերի ճարտարապետությունը հարուստ
է դեկորատիվ պլաստիկ տարրերով, քանդակներով: Խոյակների, քիվի, բացվածքների և մյուս
տարրերի նախագծման մեջ օգտագործվել են ազգային ճարտարապետության մոտիվները (Տեկոր,
Դվին, Զվարթնոց, Թալին):
Հանրապետության
հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, քաղաքաշինական
արվեստի արժեքավոր հուշարձան: Երևանի նախագծման համակարգում զբաղեցնում է կենտրոնական
տեղ: 1971 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնե ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան