ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ
1970 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.10.1
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Գտնվում է Ազատության պողոտա, 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի տարածքում:
Անհայտ զինվորի աճյունը բերվել է Մոզդոկ քաղաքից, որը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ազատագրվել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կողմից, և վերաթաղվել է «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց, 1970 թ.: Տեդադրվել է հավերժական կրակ և տապանաքար ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով:
1985 թ., Մեծ հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրը, այդ թվում նաև՝ Անհայտ զինվորի գերեզմանը՝ անմար կրակի հնգաթև աստղով, վերակառուցվել է, նորացվել (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան): Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը՝ մայիսի 9-ին:
Գերեզմանը բազալտե խոշոր սալերով պատված լայնարձակ, ուղղանկյուն հարթակ է (25.6 x 39.2 մ), որի կենտրոնում տեղադրված է Լալվարի կարմրավուն կվարցիտ-ավազաքարից պատրաստված զանգվածեղ տապանաքարը (4.3 x 9.05 x 0.4 մ): Վերջինիս վրա բրոնզե տառերով, հայերենով և ռուսերենով արձանագրված է. «ԱՆՈՒՆԸ ՔՈ ԱՆՀԱՅՏ Է, ՍԽՐԱՆՔՆ՝ ԱՆՄԱՀ»: Շրջանակված է ողորկ մոխրագույն գրանիտից քառաստիճան եզրապատով (12.5 x 23.4 մ), որն էլ իր հերթին եզերված է սև գրանիտե սգո գոտով: Այն մի կողմից սահմանակից է Հերոսների ծառուղուն, մյուս կողմից՝ Հաղթանակի հուշարձան տանող սանդղաշարին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան