ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
2024
Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության
նահատակներին նվիրված հուշակոթողը միաժամանակ արտացոլում է Ցեղասպանության սարսափներն
ու վերապրումի ուժը։ Պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհին:
Քանդակի ճակատային մասում ներկայացված Ավրորան առանձնանում է որպես կին, որը հաղթեց
մահն ու իր պատմությունը ներկայացրեց աշխարհին՝ դառնալով խիզախումի ու վերապրումի մարմնացում։
Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջև հեռավորությունը թույլ է տալիս, որ
լույսի և ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը՝ Ցեղասպանության
վայրագությունների միջով անցած ճանապարհը և փրկությունն ԱՄՆ-ում։
Հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թ. սեպտեմբերի 30-ին: Օրվա առիթով Մատենադարանից
հատուկ դուրս է բերվել և ցուցադրվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որի վերջին էջը
քանդակի նկարազարդմամբ է: «Մատյան մարդասիրաց»-ը 21-րդ դարում Մատենադարանում ստեղծված
առաջին ձեռագիրն է՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը:
Քանդակի պատվանդանի ներքո զետեղվել է Ավրորա
Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող գերեզմանից վերցված
հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։