ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ


2024


Ճարտարապետ՝ Աշոտ Արշակյան
Քանդակագործ՝ Վիգեն Ավետիս

Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթողը միաժամանակ արտացոլում է Ցեղասպանության սարսափներն ու վերապրումի ուժը։ Պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհին: Քանդակի ճակատային մասում ներկայացված Ավրորան առանձնանում է որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը ներկայացրեց աշխարհին՝ դառնալով խիզախումի ու վերապրումի մարմնացում։ Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջև հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի և ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը՝ Ցեղասպանության վայրագությունների միջով անցած ճանապարհը և փրկությունն ԱՄՆ-ում։

Հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թ. սեպտեմբերի 30-ին: Օրվա առիթով Մատենադարանից հատուկ դուրս է բերվել և ցուցադրվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որի վերջին էջը քանդակի նկարազարդմամբ է: «Մատյան մարդասիրաց»-ը 21-րդ դարում Մատենադարանում ստեղծված առաջին ձեռագիրն է՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը:

Քանդակի պատվանդանի ներքո զետեղվել է Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։