ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի թանգարան ինստիտուտի գործունեությունն ուղղված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
գտնվում է Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թթ. նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:
Թանգարանը պաշտոնապես բացվել է 2015 թվականին: Մշակութային-գիտական
այս հաստատությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի բազմաֆունկցիոնալ
կառուցվածք՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, համերգային դահլիճ,
երաժշտական գրադարան, հրատարակչություն:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
իրականացվում են ավանդական և ակադեմիական երաժշտության համերգներ, դասախոսություններ
և սեմինարներ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով–փառատոնը։ Թանգարանում կազմակերպվում
են կրթական բազմաժանր ծրագրեր՝ նախատեսված տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար,
ինչպես նաև ամառային դպրոց։ Թանգարանի գիտահետազոտական ինստիտուտում իրականացվում են
Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև հայ ավանդական ու դասական երաժշտությանը
նվիրված գիտական ուսումնասիրություններ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչությունը
լույս է ընծայում մենագրություններ, գիտական հոդվածների ժողովածուներ, երաժշտական մատենաշարեր,
ցուցադրությունների պատկերագրքեր և Կոմիտասին վերաբերող այլ ուսումնասիրություններ։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործում է երաժշտական գրադարան, որը ներառում է երաժշտագիտական
գրքերի և ձայնապնակների հարուստ հավաքածու։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ սրահներից, որոնցում արտացոլված են Կոմիտասի կյանքի ուղին, նրա երաժշտագիտական, կոմպոզիտորական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում պարբերաբար կազմակերպվում են Կոմիտասին, նրա գործունեությանն ու ժամանակաշրջանին, նրա ժամանակակիցներին, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերին նվիրված ցուցադրություններ (երաժշտություն, կերպարվեստ, լուսանկարչություն և այլն)։