ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան


Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Հայաստանում առաջին երաժշտական-հուշային թանգարանն է:


Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ. նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում առաջին երաժշտական-հուշային թանգարանն է: Տուն-թանգարանի շենքը (կառուցվել է 1925-26թթ) գտնվում է Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում: Այն Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է և հանրապետական նշանակության հուշարձան է: Այս շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում Ալեքսանդր Սպենդիարյանը ապրել է 1926-28 թթ-ին, որն այժմ նրա տուն-թանգարանն է: 


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, երաժշտական գործիքները, փաստաթղթեր, նամականին ու ձեռագրեր, որոնք վկայությունն են նրա ստեղծագործական հարուստ կյանքի, հայ և համաշխարհային երաժշտության մեջ նրա թողած մեծ ավանդի: Մշտական ցուցադրությունը ներկայացված է «Կյանքի ուղին» և «Ստեղծագործական ուղին» սրահներում, իսկ կոմպոզիտորի աշխատասենյակը վերականգնված է ճշգրտորեն, ինչպես եղել է նրա կենդանության օրոք: Այստեղ այցելուները կարող են տեսնել կոմպոզիտորի մտահղացմամբ 1905 թ. ստեղծված Սպենդիարոֆոն երաժշտական գործիքը և լսել դրա ինքնատիպ hնչողությունը, ունկնդրել Սպենդիարյանի «Վալսը» նրա Յակոբ Շտայներ (Jakob Stainer) ֆիրմայի ջութակի հնչողությամբ, ծանոթանալ նրա «Ալմաստ» օպերայի բեմական փառահեղ ուղուն: Ինտերակտիվ կրթական ծրագրերի բազմազանության մեջ այցելուները կարող են փորձել իրենց դիրիժորական կարողությունները «Վիրտուալ դիրիժոր» ծրագրի միջոցով, շրջել «Սպենդիարյանական վայրերով», ստեղծել իրենց սիմֆոնիկ նվագախմբը և այլն: Տուն-թանգարանում իրականացվում են համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Նալբանդյան փող. 21
+37410 521 299