ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ


XVIII դ. վերջ


Պետ. ցուցիչ՝ 1.12.15.1
Կառուցող՝ Պարոն Ապով

Տունը գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոցում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համալիրում։

Աբովյանների տոհմական տունն է՝ կառուցված XVIII դ. վերջին, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի պապի՝ պարոն Ապովի ձեռքով։ Այստեղ ապրել են Աբովյանների մի քանի սերունդներ։ 1805 թ. այստեղ է ծնվել Խաչատուր Աբովյանը։

Վերակառուցվել և տուն-թանգարանի է վերածվել 1938 թ.։ Թանգարանը գործում է 1939 թվականից։

Տունն ուղղանկյուն հատակագծով, հյուսիս–հարավ ուղղվածությամբ միահարկ շենք է՝ բաղկացած երեք սենյակից (հյուրասենյակ, թոնրատուն, մառան) և հարավային կողմի պատշգամբից։ Ծածկը հարթ է՝ փայտե հեծաններով։ Պատերը շարված են կոպտատաշ քարով։

1948, 1953, 1964 թթ. կատարվել են վերականգնման աշխատանքներ․ պատերը ներսից սվաղվել են, ամրացվել են ծածկը և պատերի հիմքերը, վերանորոգվել է պատշգամբը (այստեղի մուտքը փակվել է և բացվել է նոր մուտք արևմտյան ճակատից, ինչպես հին նկարներում է), և այլն։ Վերակառուցումներին գործուն մասնակցություն են ունեցել հնագետ, պատմաբան Մորուս Հասրաթյանը, ազգագրագետներ Դերենիկ Վարդումյանը և Վարդ Բդոյանը, ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը, գրականագետ Ռուբեն Զարյանը, գրականագետ-աբովյանագետ Պիոն Հակոբյանը, ինչպես նաև Խ. Աբովյանի թոռնուհին՝ Վիկտորիա Աբովյանը։

1978 թ. կառուցված թանգարանի նոր շենքով (ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան) հայրական տունը ծածկվել է պահպանիչ կառույցով։

Հիմնանորոգվել է նաև 2005 թ.։

Աբովյանների տոհմական տունը հյուրընկալել է բազմաթիվ նշանավոր գործիչների՝ Ֆրիդրիխ Պարրոտին, Հերման Աբիխին, Ավգուստ ֆոն Հաքստհաուզենին, Միքայել Նալբանդյանին, Ստեփանոս Նազարյանին, Ռափայել Պատկանյանին, Կոմիտասին, Նիկողայոս Մառին, Լեոյին, Հովհաննես Թումանյանին, Ասքանազ Մռավյանին, Աղասի Խանջյանին և ուրիշների։


Քանաքեռ 2-րդ փող., 4 տուն