ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
Վաղ միջնադար
Պետ. ցուցիչ՝ 1.11.9.2
Եկեղեցին գտնվում է Նորագավթի Սբ Գևորգ եկեղեցուց մոտ 40 մ արևմուտք:
Հավանաբար ավերվել է 1679 թ. մեծ երկրաշարժից: Պահպանվել են ստորին երկու շարքերը` մոտ 1.5 մ բարձրությամբ:
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արևելքում
կիսաշրջան խորանով, միանավ, սրահավոր կառույց է: Բարձրանում է եռաստիճան գետնախարսխի վրա: Երկայնական պատերին ներքուստ պահպանված երկու զույգ որմնասյուները ենթադրել են տալիս, որ եղել է թաղածածկ: Հատակը սալարկված է: Միակ մուտքը հարավից է: Սրահի չափերն են՝ 7
x 6.3 մ: Պատերի հաստությունը մոտ
70 սմ է:
Կառուցված է սև և վարդագույն սրբատաշ տուֆով:
Պաշտպանական նկատառումներով եկեղեցու արևմտյան
ճակատի դիմաց, հավանաբար, XI-XIII դդ. կառուցվել է անկյունային կիսակլոր աշտարակներ ունեցող հաստ պատ: Եկեղեցու սկզբնական և նորակառույց պատերի միջև եղած տարածությունն ամրացվել է լիցքով:
Եկեղեցու ներսում և շրջակայքում թափված են շարվածքի քարեր, IX-XVI դդ. խաչքարերի բեկորներ, որոնցից մեկն արձանագրված է
(XVI-XVII դդ.):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան