ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 4 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11.5

Գտնվում է այգու կենտրոնական մասում՝ ջրանցքի ձախ ափին, մեղմաթեք տեղանքում։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով կառույց է, որի կամարակապ մուտքը գտնվում է արևելյան կողմից։ Արևմտյան պատին կա կամարակապ բուխարի՝ ծխատարով։

Ստորին շարքերը կառուցված են անմշակ բազալտից, իսկ կիսաշրջանաձև թաղը՝ աղյուսաչափ քարերից։ Կառուցողական հնարքներից է թաղի հարավային հատվածի հասկաձև շարվածքը։ Պատերին պահպանվել են կավածեփի մնացորդներ և խորշեր՝ խոհանոցային իրերի պահպանման համար։ Սրահը լցված է փլվածքներով (նախքան փլուզումը հատակին եղել է խաղողի ճզմման ավազան և երկու կարաս՝ հյութը հավաքելու համար)։

Հյուսիսային և արևմտյան կողմերում կից ավերված շինությունները, հավանաբար, ծառայել են որպես մառան կամ բնակելի սենյակ։


Դալմայի այգիներ