ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՇԵՆՔ


1902


Պետ. ցուցիչ՝ 1.6.206.7
Նախագծի հե­ղինակներ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին, Նիկողայոս Բունիաթյան

Շենքը գտնվում է Արամի փողոցում:

Պետական դրամատան երևանյան բաժանմունքը բացվել է 1893 թ. հոկտեմբերի 7-ին, կայսերական Ռուսաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ: Շենքի շինարարու­թյան համար հողահատկացման հարցը լուծվել է 1899 թ. մարտին: Շինարարությունն ավարտվել է 1902 թ.:

1918-1920 թթ. այն Հայաստանի Առաջին հանրապետության պետական դրամատունն էր: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ական թթ. այն անցել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմատի ենթակայության տակ:

1930-ական թվականների վերակառուցման ընթացքում շենքին ավելացվել է երրորդ հարկը (ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան), իսկ թևերը երկարացվել են երկու փողոցների ուղղությամբ։ Կենտրոնական ճակտոնը հեռացվել է, իսկ կողային ատտիկաները բարձրացվել են երրորդ հարկի մակարդակից վեր։

1960-ական թվականների վերակառուցման արդյունքում հատակագիծը ստացել է անհամաչափ П-աձև տեսք, որտեղ հին շենքը դարձել է ձախակողմյան թևը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, երբ շենքում տեղակայվել է հոսպիտալ, պետական դրամատունը վերածվել է հիվանդանոցի։

Երևանյան սև տուֆից կառուցված շենքը երկհարկանի է՝ П-աձև հատակագծով։ Գլխավոր մասնաշենքը երկայնական կողմով ուղղված է դեպի Արամի փողոց (69.7 մ), իսկ մյուս կողմով՝ հատող աջ թևի հետ միասին, դեպի Կողբացու փողոց (42.8 մ)։

Սենյակներն ունեն երկշարք դասավորություն և իրարից բաժանված են միջանցքով։ Հիմնական ծավալում սենյակների լայնությունը 6.3 մ է։ Բարձակային պատշգամբները ուղղված են դեպի փողոց։ Գլխավոր մուտքը Արամի փողոցից է։ Մուտք կա նաև Կողբացու փողոցից։

Առաջին հարկի պատուհաններն ուղղանկյուն են, իսկ երկրորդ հարկինը՝ կիսաշրջանաձև։ Հիմնական ուշադրությունը դարձված է փողոցահայաց ճակատների մշակմանը։ Հետաքրքիր են դեպի Արամի փողոց ուղղված բարձակային պատշգամբները, որոնք հենվում են կողային հատվածներում տեղադրված գլխաքանդակներով փայտե նեցուկների վրա։

Պատշգամբները սկզբնապես ունեցել են հորիզոնական ձգագոտիներով վանդակներ, որոնք հետագայում փոխարինվել են մետաղե ցանցկեն վանդակներով։


Արամի փող. 54