ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՖԱԴԵՅ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.206.6
Տունը գտնվում է Արամի
փողոցում։
Սկզբում
այն պատկանել է Թիֆլիսի բնակիչ Գրիգոր Տեր-Նիկողոսյանին։ Շենքը եղել է մեկհարկանի՝
կառուցված տուֆ քարից։ Տանիքը ծածկված է եղել թիթեղով։ Հատակն ու պատշգամբը եղել են
փայտից, իսկ առաստաղը՝ գաջով սվաղված։
1901
թվականին Տեր-Նիկողոսյանը տունը վաճառել է Ֆադեյ Թադևոսյանին, ով հետագայում՝
1910–1911 թվականներին, կառուցել է երկրորդ հարկը։ 1923 թվականին շենքը ազգայնացվել
է և հանձնվել նորաստեղծ կոնսերվատորիային, որն այստեղ գործել է մինչև 1930-ականների
վերջը։ 1930-ական թվականներին շենքին ավելացվել է երրորդ հարկը։ Հետագայում՝ մինչև
1964 թվականը, շենքում գործել է հեռակա մանկավարժական ինստիտուտը (հետագայում՝ Փիլիսոփայության
և իրավունքի ինստիտուտ)։
Շենքն
ունի Г-աձև հատակագիծ՝ 23.6 × 18.9 մ չափերով։ Հիմնական մասնաշենքում սենյակները դասավորված
են երկու առանցքով, որոնք ուղղված են դեպի հարավ-արևմուտք՝ Արամի փողոցի կողմը։ Կողային
թևում սենյակները նույնպես երկշարք են և հիմնական մասնաշենքի հետ հաղորդակցվում են
ներքին միջանցքով։
Ծավալատարածական
հորինվածքում առանձնանում են փողոցահայաց երկու ճակատները, որոնց հատման կետում ընդգծված
է կիսաշրջանաձև աշտարակը՝ ավարտված թեփուկաձև քանդակներով զարդարված գմբեթով։ Պատշգամբներն
ունեն մետաղական, նուրբ և ցանցկեն ճաղաշար։
Շենքի
ներսում պահպանվել են գունավոր հախճասալիկներով պատված պատի վառարաններ, ինչպես նաև
պատի հայելավոր պահարաններ։
Շենքն
արժեքավոր է որպես ճարտարապետական հուշարձան, իսկ նրա պատմական նշանակությունն առանձնանում
է նրանով, որ 1920–1930-ական թվականներին այստեղ է գործել կոնսերվատորիան՝ կարևոր դեր
ունենալով քաղաքի մշակութային կյանքի զարգացման մեջ։