ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. II կես - XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.9

Տունը գտնվում է Հանրապետության փողոցում։

Երկհարկ է, նկուղով։ Գլխավոր մասնաշենքն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Նրբանցքի ուղղությամբ տեղադրված կողային հատվածներից մեկը երկայնական պատի նկատմամբ թեք է։ Գլխավոր մասնաշենքի կողաշենքն ունի սեղանաձև հատակագիծ և տնտեսական-կենցաղային բնույթի սենյակներ։

Գլխավոր ճակատը մշակված է կոպտատաշ քարով։ Կողային մասերն ունեն ուղղաձիգ ջլատումներ, որոնց միջև ստորին հարկի ուղղանկյուն բացվածքները ճարտարապետորեն մշակված են հարթ, եռամաս հենասյուներով։ Վերին հարկի պատուհաններն ունեն բարձրաքանդակ խոյակներով կիսասյուներ։ Կենտրոնական գոգավոր հատվածում բացվածքները նույնպես ուղղանկյուն են՝ երիզված շրջակալներով, որոնք երկրորդ շարքում զարդարված են բարձակներով և զարդաքիվերով։

Ճակատի հորինվածքում գերիշխում է հորիզոնական բաժանումը՝ ելուստաձև որմնախարիսխ, որմնախորշերով կամ խորանարդաձև տարրերով լուսամուտատակի գոտի, ինչպես նաև եռագլիֆների շարքով միջհարկային գոտի, որը պսակվում է քիվով։

Շենքի պատերը կրող են՝ շարված չտաշված քարով՝ շաղախով։ Հանրապետության փողոցի կողմի ճակատը երեսապատված է սև տուֆով։ Ծածկերը հարթ են, փայտե։ Տանիքը թեք է։


Հանրապետության փող. 46