ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵՐՎԱՆԴ ԵՎ ԻՍԱՀԱԿ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1905


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.6
Նախագծի հեղինակ՝ Երվանդ Տեր-Ավետիքյան

Բնակելի տունը գտնվում է Մ. Մկրտչյան փողոցում։ Նույն թաղամասի խորքում հնում եղել է Տեր-Ավետիքյան եղբայրների թուջի ձուլման գործարանի համալիրը (1891)։ Ներկայումս համալիրից պահպանվել է միայն վերափոխումների ենթարկված առանձնատունը։

Տունը ուղղանկյուն հատակագծով (21.5 × 13.7 մ), բնակելի և շքասենյակների երկշարք դասավորությամբ, նկուղով, երկհարկանի կառույց է։ Լայնական առանցքով հիմնական ծավալից առաջ են ընկած մուտքի սանդուղքը, նախասրահով շքամուտքն ու սանդղավանդակը։ Արտաքին աստիճանների վերևում՝ երկրորդ հարկում, կառուցված է պատշգամբ։ Շենքի ծայրերում կան բարձակային երկու պատշգամբներ։ Բակի կողմից սրահներ են եղել։ Եղել է դեպի առանձնատան բակ տանող երթանց։

Գլխավոր՝ հյուսիսարևմտյան ճակատը շարված է սրբատաշ քարով, ժապավենաձև կոպտատաշ քարերով և որմնասյուների հորիզոնական բաժանումների համադրությամբ։ Բացվածքներն ուղղանկյուն են՝ եզերված շրջակալներով։ Կոպտատաշ քարով մշակված անցման բացվածքն ավարտվում է կամարով։ Դեկորատիվ հարդարանքն են կազմում գոտիները և քիվերը։ Վերևի հարկում լուսամուտատակի պատն ունի ինքնատիպ բուսական զարդաքանդակ։

Ճակատի ծավալատարածական հորինվածքում գերիշխում է սյունասրահը, որն ունի հոնիական խոյակներով զանգվածեղ սյուներ։ Վերջիններս հենվում են սանդուղքի կողքերի բարձր պատվանդաններին և պահում երկրորդ հարկի պատշգամբը, որի մուտքի մոտ կան ավելի փոքր չափերի նույնատիպ սյուներ։ Միաժամանակ, ընկալման դինամիկ արտահայտչականությունը պայմանավորված է պատշգամբի բարձրաքանդակներով, քարե զարդաճաղերի ռիթմիկ շարքով և ներքին սանդուղքի ճաղաշարում հերթագայվող կլոր բացվածքներով։

Կրող պատերը շարված են խառը քարերից՝ շաղախով։ Փողոցի ճակատը շարված է սև տուֆով։ Ծածկերն հարթ են՝ փայտից։ Տանիքը թեք է։ Նախասրահի սանդուղքները թուջից են, պատշգամբները՝ քարից և փայտից։


Հանրապետության փող. 24