ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ


1890-ական թթ. կես-1910-ական թթ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.190
Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան

Նախկինում՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Շենքը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում:

Երևանցի ձեռնարկատեր Համբարձում Սողոմոնյանը թիֆլիսահայ հայտնի Սողոմոնյանների գերդասատնից էր, որը 1853 թ. Թիֆլիսում հիմնել էր գինու և օղու գործարան: Համբարձում Սողոմոնյանն իր կոնյակի գործարանը հիմնադրել է 1890-ական թթ. կեսերին: Գործարանն արտադրում էր կոնյակ, գինի, օղի, լիկյոր և մրգային պահածոներ ու արտադրանքի ծավալներով զիջում էր միայն Նիկոլայ Շուստովի և Դավիթ Սարաջյանի գործարաններին։ Արտադրությունը գնալով ընդլայնվում էր, և 1910-ական թվականների սկզբին գործարանատիրոջ պատվերով կառուցվեց Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան) փողոցում գտնվող շենքը։

1915 թտվյալներով՝ այն սև սրբատաշ տուֆով երեսապատված շինություն էր՝ կոնյակի գործարանով, գրասենյակով, նկուղներով և տակառագործի արհեստանոցով։ Մեկ և երկհարկանի կառույցները խմբավորված էին ներքին բակի շուրջ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքն ազգայնացվել է։ Տասնյակ տարիներ այն գործել է որպես տպարան։

ՀՀ կառավարության որոշմամբ շենքը տեղափոխվել և վերակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում։ 2001 թվականից այստեղ է տեղակայված Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ Տեղափոխումից հետո ավելացվել է երրորդ հարկը։

Շենքը XIX դարի վերջի – XX դարի սկզբի արտադրական կառույցի ինքնատիպ օրինակ է։


Մելիք-Ադամյան փող. 2