ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ


1883


Պետ. ցուցիչ` 1.6.178.4.11

Տունը գտնվում է Աբովյան փողոցում:

Այն պատկանել է բնիկ երևանցի վաճառական Գրիգոր Ամիրյանին։ Վերջինս զբաղվել է մանուֆակտուրային ապրանքների մեծածախ առևտրով։ Ամիրյանը 3 տան, 2 այգու և քարավանատան մի մասի տեր էր։ Նրան է պատկանել առևտրական խոշոր տներից մեկը։ Եղել է քաղաքային դումայի ձայնավոր (1884 թվականից)։

Ըստ 1910 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ շենքը երկհարկ էր՝ կառուցված տուֆից, հողածածկ տանիքով, փայտե հատակով և սվաղված առաստաղներով։ Գլխավոր մասնաշենքում կար երկու բնակարան և 9 սենյակ (առանց նախասենյակների ու խոհանոցների)։ Բակում կար մեկ բնակարան՝ 5 սենյակով։

1923 թ. օգոստոսին տունն ազգայնացվել և օգտագործվել է որպես ՀԽՍՀ Կենտգործկոմի և Ժողկոմխորհի հանրակացարան։ Այստեղ են ապրել խորհրդային պետական և կուսակցական գործիչներ 1921–1922 թթ.՝ Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանը, 1922–1928 թթ.՝ Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Համբարձումյանը, 1929–1936 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Այնուհետև այստեղ տեղավորվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ապա՝ մինչև 1980-ական թթ.՝ Փաստաբանների կոլեգիայի նախագահությունը։ 1992–2014 թթ. այս շենքում է գործել Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության գրասենյակը։

Այստեղ է գործել Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը, որը հիմնադրել է ծագումով վանեցի Գաբրիել Խանոյանը։ Նրա գործը շարունակել է զարմիկը՝ Օնիկ Հարությունյանը, որը 55 տարի շարունակ զբաղվել է լուսանկարչությամբ։ Երևանցիների շրջանում այն հայտնի էր «Վարպետ Օնիկի լուսանկարչատուն» անվամբ։ 2011 թվականից լուսանկարչատան հատվածում գործում է «Դալան» պատկերասրահը։ Շենքում տեղակայված է նաև «Աբովյան 12» սրճարան-ռեստորանը։

Գրիգոր Ամիրյանի երկրորդ տունը երկհարկանի է՝ նկուղով։ Շենքի հիմնական ծավալը հատակագծում ուղղանկյուն է, իսկ սենյակները դասավորված են երկու շարքով՝ դեպի հյուսիս-արևմուտք (փողոց) և դեպի հարավ-արևելք (բակ)։ Բակի կողմից հիմնական ծավալը և կողաշենքը կապված են բաց պատշգամբով։ Երկրորդ հարկում կա սենյակների մի խումբ և մի դահլիճ, որը փողոցի կողմում ունեցել է պատշգամբ (այժմ՝ քանդված)։ Աբովյան փողոցի մուտքը տանում է երկրորդ հարկ։ Առաջին հարկի սենյակների մուտքը բակի կողմից է՝ պատշգամբի միջոցով, որը Աբովյան փողոցի հետ կապվում է երթանցով։

Ճակատները սվաղված են։ Փողոցին նայող ճակատն ասիմետրիկ է և կատարված է զուսպ՝ ուղղանկյուն և աղեղնակամար բացվածքների հերթագայությամբ (ներքևի հարկի պատուհանները կամարակապ են, իսկ վերևինները՝ ուղղանկյունաձև)։ Կիսագլանաձև թաղով երթանցի աղեղնակամարը որոշում է ճակատի ձախ եզրի հորինվածքային առանցքը։ Ճակատը ջլատված է խարսխի շարքով, քիվով, ինչպես նաև վերից վար՝ քառանկյուն որմնասյուներով և ամրապատով։

Շենքի սենյակներում պահպանվել են հախճասալիկներից շարված պատի վառարաններ։ Դրանք մեկը մյուսից տարբեր են՝ երեսապատված չկրկնվող գունավոր սալիկներով։ Յուրօրինակ է հատկապես կենտրոնական սենյակներից մեկի վառարանը՝ զարդարված եվրոպական գեղատեսիլ բնանկարով։ Վառարաններից երկուսն այսօր էլ գործում են։

Շենքը քարաշեն է՝ միդիս շարվածքով։ Կառուցվածքային համակարգում կրող քարե պատեր են։ Փողոցի ճակատում օգտագործված է սրբատաշ տուֆ։ Ծածկերը հարթ են՝ փայտե։ Տանիքը թեք է՝ թիթեղապատ։ Բակի պատշգամբները փայտից են։


Աբովյան փող. 12