ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵԳՈՐ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1896, 1905


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.4
Ճարտարապետներ՝ Վասիլի Միրզոյան, Բորիս Մեհրա­բյան

Բնակելի տունը գտնվում է Աբովյան փողոցում։

Շենքի շինարարությունը սկսվել է 1896 թ.։ Հողատարածությունը կազմում էր 225 քառ. սաժեն (երկարության հին ռուսական չափի միավոր, հավասար է 2,134 մ)։ 1905 թ. Թարխանովսկայա և Սադովայա (հետագայում՝ Լալայանց, այժմ՝ Հին Երևանցու) փողոցների կողմից շինությանը ավելացվել են երկու նոր թևեր։ Առաջին հարկում գտնվում էր Եգոր Խանզադյանի կտորեղենի և գալանտերեայի «Սաքսոնական» հայտնի խանութը, որը գործում էր դեռևս 1877 թվականից։

1923 թ. տունն ազգայնացվել է։

Երկհարկանի տունը բաղկացած է չորս սենյակներից և ունի նկուղ։ Սենյակները դասավորված են երկշարք և միաշարք համակարգով։ Սենյակների մակերեսներն են՝ 36,2 քմ և 28,0 քմ, իսկ բարձրությունը՝ 3,7 մ։ Շենքի առավելությունը սենյակների հիմնական մասի՝ դեպի փողոցները ուղղված լինելն է, ինչը հազվադեպ երևույթ է պարագծային կառուցապատման մեջ։ Շքամուտքը, որտեղ գտնվում են նախասրահներն ու սանդղավանդակը, բացվում է Աբովյան փողոցից և կապված է նաև բակի հետ։ Մյուս մուտքը Պուշկինի փողոցի կողմից է։

Բակի կողմի ճակատները գոտևորված են մինչև 2,6 մ լայնությամբ սրահներով։ Դեպի փողոց ուղղված են երեք բարձակային պատշգամբներ (2,6 մ × 1,2 մ)։ Փողոցների ճակատները մշակված են ժապավենաձև կոպտատաշ քարով։

Գեղարվեստական հորինվածքում գերիշխում է հորիզոնական բաժանումը, որը ձևավորվում է եռաստիճան որմնախարսխով, միջհարկային ձգագոտիներով, երկրորդ հարկի որմնախորշերով լուսամուտատակի պատով և դենտիկուլների շարքով պսակված քիվով։ Հարավարևելյան գլխավոր մուտքն առանձնացված է պատի ուղղաձիգ ջլատմամբ, մուտքի և վերևի պատուհանի կիսաշրջանաձև կամարակապ բացվածքներով, ինչպես նաև կոպտատաշ քարերով և հորիզոնական ձգագոտիով հատված, բարձրացված եռանկյունաձև ճակտոնով։ Նման ճակտոն կառուցված է նաև հարավարևմտյան կողմի լայն, կամարով ավարտվող պատուհանի վրա։

Մնացած բացվածքներն ուղղանկյուն են, իսկ պատուհանային շրջանակների միջին ուղղահայաց տարրերն ունեն գալարազարդ խոյակներ։ Բարձակային պատշգամբներն ունեն մետաղյա ցանցկեն ճաղաշարեր։

Շենքի պատերը կրող են։ Դեպի փողոց ուղղված ճակատները շարված են սրբատաշ տուֆով, իսկ մնացածները՝ քիչ մշակված քարով։ Բակի կողմի ճակատները սվաղված են։ Ծածկերը տափակ են, փայտե։ Տանիքը թեք է, թիթեղյա։ Նախասրահների հատակները պատված են խեցե սալիկներով։ Բակի կողմի պատշգամբները փայտից են։

Այս տանն են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական գործիչներ Ա. Շահսուվարյանը, Ֆ. Վարդանյանը և այլք։ 1940-ական թվականներին տան երկրորդ հարկը զբաղեցրել են ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը և Կենտրոնական գործադիր կոմիտեն։ Այստեղ են նկարահանվել «Նվագախմբի տղաները» (1960)  կինոնկարի որոշ դրվագներ։


Աբովյան փող. 3/1