ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
1933-1936, 1966
ՁՄԵՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
Պետ. ցուցիչ` 1.6.178.3.1
Գտնվում
է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում: Կինոթատրոնը կառուցվել է Սուրբ Պողոս-Պետրոս
եկեղեցու տեղում: Վերջինս իր հերթին կառուցվել էր 1679 թ. Արարատյան դաշտավայրի մեծ
երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն եկեղեցու փոխարեն և քանդվել էր 1930-ականներին:
Նախագիծը նախատեսված էր 1400 տեղերի համար (2×700) (Տիրան Երկանյան, Գևորգ Քոչար,
1933): Բացումը տեղի է ունեցել 1936 թ. դեկտեմբերի 12-ին՝ հայկական առաջին հնչյունային
ֆիլմի՝ «Պեպո»-ի ցուցադրությամբ:
Շենքը
բաղկացած է երկու փոխուղղահայաց թևերից, որոնք երկրորդ հարկում ճեմասրահի ընդհանուր
ծավալով միանում են: Թևերում տեղակայված են կինոդահլիճները: Ճակատները երեսպատված են
գորշ բազալտով և Նոյեմբերյանի ֆելզիտով, հարդարված են խորհրդային և հայկական կինոնկարների
թեմաներով՝ «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա», «Չապաև» խորաքանդակները, «Պար» ու
«Բեմ» խորհրդանշական քանդակները: Շենքի առջևում Շառլ Ազնավուրի հրապարակն է, որտեղ
1987 թ. կառուցվեց ջրավազան՝ «Կենդանակերպի նշաններ» շատրվանով (ճարտարապետ՝ Արսեն
Մելիքյան, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան): 1978 թ. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել
11-րդ համամիութենական կինոփառատոնը: 1990-ական թթ. վերջերին փակվել է վերանորոգման
նպատակով և վերաբացվել 2000 թ. սեպտեմբերի 3-ին: Հրապարակի ջրավազանը և շատրվանը վերանորոգվել
և վերաբացվել են 2010 թ.:
2015
թ. նորոգության ժամանակ նորացվել են մեծ դահլիճների էկրանները:
«Մոսկվա»
կինոթատրոնը եղել և մնում է երևանցիների սիրված վայրերից մեկը, որտեղ ֆիլմեր ցուցադրելուց
բացի, կազակերպվում են զանազան միջոցառումներ: «Մոսկվա» կինոթատրոնը խորհրդային ճարտարապետության
մեջ երկդահլիճ կինոթատրոնների առաջին օրինակներից է: Շենքի ճարտարապետության մեջ ֆունկցիոնալ
ճարտարապետության հատակագծային և հորինվածքային սկզբունքները (ծավալների գրաֆիկա, սանդղավանդակներ,
մեծ բացվածքներ, ռոմբաձև պատուհաններ) համադրված են դասական ճարտարապետության տարրերի
(մույթեր, գլխավոր ճակատի շքամուտք) հետ:
ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
«Մոսկվա»
կինոթատրոնի ամառային դահլիճը կառուցվել է հիմնական շենքի՝ ձմեռային դահլիճի ետնամասում,
Թումանյան փողոցի կողմից, և վերականգնվել է 1980-ական թթ․։ Նախկինում կինոթատրոնի ամառային առաջին դահլիճը չի պահպանվել
(ճարտարապետ՝ Սահականուշ Մանուսաջյան):
Բացօթյա դահլիճը երկմակարդակ
է․ առաջին մակարդակում տեղակայված
են տոմսարկղն ու ամառային սրճարանը, իսկ երկրորդում՝ ճեմասրահը, հանդիսատեսի նստատեղերը
և կինոէկրանը, որոնք ճիշտ նախագծման շնորհիվ հեռացված են փողոցից։ Կառույցը երկաթբետոնե
է, սվաղված գորշ ցեմենտային լուծույթով, ունի գունավոր սալահատակ և շատրվանով դեկորատիվ
ջրավազան՝ Հովհաննես Մինասյանի հեղինակած խճանկարով։ Ամառային դահլիճը մոդեռնիզմի արժեքավոր
օրինակ է, որի հեղինակներ Սպարտակ Կնտեխցյանն ու Թելման Գևորգյանը 1967 թ․ արժանացել են Ալեքսանդր Թամանյանի անվան մրցանակի։