ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Հակոբ եկեղեցին նվիրված է Մծբնա Սուրբ Հակոբ հայրապետին։


1695

Պետ. ցուցիչ՝ 1.12.6

Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Քանաքեռի 6-րդ փողոցում։ Գործող եկեղեցի է: Ենթադրվում է, որ կառուցվել է Արարատյան դաշտավայրի 1679 թ. ավերիչ երկրաշարժից կործանված եկեղեցու տեղում: Մասնակի վերանորոգվել է 1798 թ.: Եղել է Քանաքեռ գյուղի ծխական եկեղեցին:

Եկեղեցին կառուցվել է երևանյան սև և կարմիր սրբատաշ տուֆով։ Ունի զույգ մույթերով, խորանի երկու կողմում զույգ ավանդատներով, թաղածածկ, եռանավ բազիլիկ հորինվածք: Մույթերը կտրվածքում խաչաձև են, թաղերն ու թաղակիր կամարները՝ սլաքաձև: Երկթեք տանիքի վրա բարձրանում է վեցսյունանի փոքրիկ ռոտոնդան: Արևմտյան ճակատին կից չորս որմնամույթեր են` միմյանց միջև ձգված  որմնակամարներով, որոնք նախատեսվել են եռակամար բաց սրահ կառուցելու համար, սակայն շինարարությունն անավարտ է մնացել: Արտաքին չափերն են՝ 16.2 x 23.8 մ,  ներքին չափերը` 13.7 x 17.2 մ, միջին նավի բարձրությունը՝ 10.5 մ:

Եկեղեցու արևմտյան գլխավոր մուտքը կերտվել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու նման. մուտքը բացվել է ճակատի երեք կամարակապ որմնախորշերից կենտրոնականի մեջ, իսկ եզրային որմնախորշերում ագուցվել են խաչքարեր: Եկեղեցու երկրորդ մուտքը բացվել է հարավից: Լուսավորությունն իրականացվում է բոլոր պատերի մեջ բացված լուսամուտներով: Խորանի լուսամուտն ունի խաչաձև ճոխ հարդարանք: Ներքին տարածությունը հարդարված է նորկտակարանյան թեմատիկ որմնանկարներով (18-րդ դ., 1739):

Պատերին ագուցված են խաչքարեր՝ Սահակի (1621), Տեր Դավթի (17-րդ դ.), Հերապետ (Հայրապետ) կազմողի (16-րդ դ.) և այլն: Կան արձանագրություններ եկեղեցու մույթերը կառուցած մեկենասների անուններով. Հարավարևելյան մույթը կառուցվել է Գյուլնազարի, իսկ հյուսիսարևելյանը` Ավագի ու Գրիգորի միջոցներով:

Եկեղեցու հարավ-արևմտյան կողմում պահպանվել է 1868 թ. Սիմեոն Առնջեցի վարպետի  կառուցած դարպասը:

Եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում պահպանվել են Մինախաթունի հիշատա­կին միջնադարյան քարգործ վարպետ Տրդատի կերտած խաչքարը (16-րդ դ), Հովհաննեսի, հայ-վրացերեն արձանագրությամբ (1750), Գրիգոր յուզբաշու (1767), Հարությունի (1789), Նատալյայի  (1833) և այլ արձանագիր տապանաքարեր։ Վերջինը Հայկական մարզի առաջին կառավարիչ (1830-1838), գեներալ-մայոր, իշխան Բարսեղ Բեհբությանի (Վասիլ Բեհբութով) միամյա դստեր մարմարե շիրմաքարն է։

2000-ական թթ. սկզբին եկեղեցին վերանորոգվել է, տարածքը բարեկարգվել է ու ցանկապատվել:


Քանաքեռի 6-րդ փողոց
+37410 284 802