ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆ


1944-1955


Պետ. ցուցիչ՝ 1.6.96.5
Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան, մասնակցությամբ՝ Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի

Գտնվում է Հանրապետության հրապարակի հյուսիսարևմտյան մասում:
Սկզբնական նախագծի հեղինակը ճարտարապետ Նիկոլայ Տոկարսկին է: Ի սկզբանե նախատեսվում էր շենքը կառուցել Աբովյան փողոցում՝ Արհմիությունների հին շենքի և աղյուսաշեն երկհարկանի տան տեղում: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո ճարտարապետներ Սամվել Սաֆարյանը Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի հետ համագործակցությամբ նախագծեց Արդյունաբերական կոոպերացիայի վարչության տունը: Այն նախագծվել էր այնպես, որ «Արարատ» տրեստի շենքի հետ լիներ միասնության մեջ և եզրափակեր հրապարակի այդ հատվածը: Շենքի երկրորդ հարկի կառուցման ընթացքում նախագծվեց նաև «Արարատ» ռեստորանի շենքը:
Կառավարական երկրորդ տան կազմի մեջ մտնում են «Արարատ» տրեստի շենքը և Արդյունաբերական կոոպերացիայի վարչության տունը: Այն ներկայացնում է կուռ ամբողջություն և կառավարական առաջին տան հետ տեղադրված է համաչափորեն: Ծավալատարածական լուծումը համապատասխանում է կառավարական առաջին տան հորինվածքային ընդհանուր առանձնահատկություններին, այն է՝ եռահարկ, ցածր, ուղղանկյուն ծավալ հրապարակի սեղանաձև մասում, աշտարակը՝ հիմնական գոգավոր-կիսաշրջանաձև ծավալին անցնելու մասում: Համանման լուծում ունեն նաև ճակատների հարթությունները:
Շենքի ուղղանկյուն մասի առաջին հարկը զբաղեցրել է գրախանութը, որի դիմաց՝ ճակատի ամբողջ երկայքով կառուցված է կամարակապ բաց սրահ, դեպի ուր փողոցից տանում են աստիճանները (այժմ չի գործում): «Արարատ» տրեստի շենքի ճակատը մշակված է դեկորատիվ կամարաշարով: Կամարատակ պատերի հարթություններին տեղադրված են բարձր պատուհաններ: Վերևի մասը լուծված է սյունազարդ պատշգամբի ձևով: Շենքի անկյունային մասը (Աբովյան և Փավստոս Բուզանդի փողոցների հատման հատված) շեշտված է շքամուտքով և նրա վրա բարձրացող դեկորատիվ սյունաշարով:
Ուղղանկյուն ծավալի ներքնահարկում ժամանակին գործում էր «Արարատ» ռեստորանը, իսկ Բուզանդի փողոցի երկայնքով տեղավորված էր սրճարանը:
Շինանյութը Լոռու մարզի Անտառամուտ գյուղի ճերմակ քարն է: Հիմնախարիսխը կառուցվել է Փամբակի սրբատաշ գրանիտից:


Հանրապետության հրապարակ