ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
1965
Պետ. ցուցիչ՝ 1.6.90
Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան
Մասնակցությամբ՝ ճարտարապետ Ա. Զաքյանի
Երևանի
պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության
Կառավարության որոշմամբ։ Առաջին անգամ բացվել է 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում
(այժմ՝ Գյումրի), ապա տեղափոխվել Երևան Ուսուցչական սեմինարիայի վերանորոգված սև շենք
(Աբովյան 52): 1920 թ. խորհրդայնացումից հետո վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան
և պաշտոնապես բացվել 1921 թ. հունվարի 23-ին։ Առաջին ռեկտորը եղել է պատմաբան Հակոբ
Մանանդյանը։ 1923 թ. ստացել է պետական մայր բուհի կարգավիճակ՝ դառնալով ՀԽՍՀ առաջին
բարձրագույն ուսումնական հաստատությունը։
Ալեք
Մանուկյան 1 հասցեում ԵՊՀ-ի նոր համակառույցի շինարարությունը սկսվել է 1952 թ.:
1965 թ. համալսարանը հիմնականում տեղափոխվել է նոր կառուցված շենք: 1973-1976 թթ. կառուցվել
է բանասիրական, օտար լեզուների և արևելագիտության ֆակուլտետների մասնաշենքը,
1976-1981 թթ.՝ սպորտային համալիրը, 1994 թ.՝ գրադարանի մասնաշենքը (ճարտ.՝ Լ. Բաբայան,
հարթաքանդակների հեղ.՝ Վ. Ղազարյան):
Կառուցված
է Անիի սրբատաշ տուֆով: Ներքին հարդարման համար օգտագործվել է տրավերտին, սև և սպիտակ
մարմար:
Գլխավոր
նախասրահում դրված են համալսարանի հիմնադիր պրոֆեսորների՝ Հակոբ Մանանդյանի, Ստեփան
Ղամբարյանի, Լեոյի (Առաքել Բաբախանյան), Հրաչյա Աճառյանի, Վահան Արծրունու, Մանուկ
Աբեղյանի կիսանդրիները: Բակում տեղադրված են Մեծ հայրենականում զոհված համալսարանականների հուշաղբյուրը,
ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից տեղափոխված ժայռապատկերներ
(մ.թ.ա. IV հազ. II կես - III հազ. I կես), Արցախյան ազատամարտում զոհված մտավորականներին
և ԵՊՀ ուսանողներին նվիրված խաչքարը (1996), Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը
(2002), Անանիա Շիրակացու արձանը (1999), XIII դ. խաչքար՝ ի հիշատակ 2020 թ. արցախյան
44-օրյա պատերազմում զոհված համալսարանականներին: