ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ
1319
Պետ. ցուցիչ՝ 1.6.68
Ճարտարապետ՝ Շահիկ
Դամբարանը, ավելի ստույգ՝ նրա պահպանված ստորգետնյա հատվածը, գտնվում է Աբովյան փողոցում՝ 9 մ խորության նկուղային մասում։ Փորված է վառ կարմիր տուֆե ժայռի մեջ։ Կառուցվել է 1319 թ., մոնղոլական տիրապետության շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մերձավորների համար։ Ճարտարապետն է հայազգի Շահիկ Վարդպետը՝ Եղվարդի Ազիզբեկենց Սուրբ Աստվածածին եռահարկ եկեղեցու (1301) շինարարը։ Հուշարձանի ստորգետնյա հատվածի մուտքի վերնամասում՝ ներքուստ փորագրված երկլեզվյան (հայերեն և պարսկերեն) արձանագրության մեջ նշված են կառուցման թվականը և կառուցող վարպետի անունը։
Դամբարանը
բաղկացած է եղել ստորգետնյա և վերգետնյա հատվածներից։ Ստորգետնյա հատվածը բացվել է
տեղում շինարարական աշխատանքների ժամանակ՝ 1990-ականների վերջին, և ուսումնասիրվել
է 2001 թ. (հնագետ՝ Հուսիկ Մելքոնյան, ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան)։ Հայտնաբերվել են
մարդկային կմախքի մնացորդներ, շքեղ հախճասալեր, շքաղյուսներ, ջնարակված և հասարակ խեցեղեն,
հախճապակի, ձեթաճրագներ, մուտքի երկաթե փականի մասեր, ինչպես նաև վերգետնյա կառույցի
բեկորներ (խարիսխ, խոյակ, զարդարուն ճակատակալ քար, քանդակազարդ բեկորներ, շթաքարերի
մնացորդներ) և այլն։
Դամբանախուցը
հատակագծում հավասարաթև խաչ է՝ ծածկված շթաքարե թաղերով, որոնք հենվում են իրար չկրկնող
զարդաքանդակներով պատված որմնակամարների վրա։ Ներքին հարդարանքում օգտագործվել են ջնարակված
բազմագույն հախճասալեր։ Մուտքը հյուսիսից է, և այն դամբանախցի հետ կապվում է նեղ միջանցքով
ու քարե աստիճաններով։
Վերգետնյա
կառույցը կանգուն է եղել մինչև XVII դարի 70-ական թվականները։ Նրա նկարագրությունը
տվել է Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1673 թ.՝ այն անվանելով աշտարակ։
Հավանաբար ավերվել է 1679 թ. մեծ երկրաշարժից, քանի որ հետագայում Երևան այցելած ճանապարհորդները
նրա մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում։
Դամբարանը
միջնադարյան վիմափոր ճարտարապետության և քանդակագործության արժեքավոր հուշարձան է։
Այն կարևոր նշանակություն ունի հայ-մոնղոլական և հայ-պարսկական պատմամշակութային առնչությունների
ուսումնասիրության համար։