ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ
1956
Գտնվում
է Սասունցի Դավթի հրապարակում:
Երևանի
երկաթուղային կայարանի նախագծումը սկսվել է 1947 թ. Թիֆլիսում, «Кавтранспроект» նախագծային
ինստիտուտում և ավարտվել Երևանի «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Շինարարությունն ընթացել
է 1952-1955 թթ.:
Կառուցված
է հետպատերազմյան շրջանի հայկական ճարտարապետությանը բնորոշ պլաստիկ և կոնստրուկտիվ
կանոններով: Գլխավոր ճակատն ուղղված է դեպի Տիգրան Մեծի պողոտա: Այստեղ շեշտվում են երկու հարկի
բարձրության երեք կամարակապ շքամուտքեր և երկար, կամարակապ սյունաշարեր, իսկ ծավալի կենտրոնական
մասն ավարտվում է ռոտոնդայով և վեցանիստ ցցաձողով, որը տեղադրվել է 1969 թ.: Գնացքուղիները
զուգահեռ են շենքին: Հատակագծային կառուցվածքի միջուկը կազմում են առաջին հարկի սրահը և բաշխման դահլիճը, որտեղից ուղևորներն անցնում
են սպասասրահ կամ կառամատույց: Եզրային հատվածներում սպասասրահներ են և ծառայողական սենյակներ: Երկրորդ հարկում սպասարկման
ու վարչական սենյակներն են: Ճակատներում օգտագործվել են դասական և ազգային մոտիվներ:
Ունի 120 x 30 մ չափեր, ընդհանուր բարձրությունը 50 մ է: Կառուցված է Անիի սրբատաշ
տուֆից: Ներսում օգտագործվել են մարմար, գրանիտ: Շահագործման ընթացքում կատարվել են
որոշ վերակառուցումներ, եզրային ծավալներին հավելվել են կառույցներ:
Հայաստանի
խոշոր երկաթուղային կայարանն է: Կարևոր դեր ունի քաղաքի հարավային հատվածի կառուցապատման
ձևավորման մեջ: Այն նաև քաղաքի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է: