ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ - ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԷԿ
1926
Պետ․ ցուցիչ՝
1․6․93
Գտնվում
է Հրազդանի կիրճում՝ գետի ձախ ափին։ Էներգետիկ առաջին շինություններից մեկն է ԽՍՀՄ-ում։
Շինարարությունը սկսվել է 1923 թ․։ ՀԷԿ-ի շենքը նախատեսված
էր չորս տուրբինների տեղադրման համար։ Տուրբինները մատակարարել է գերմանական «Ֆրից
Բեյմայեր» ընկերությունը: Տուրբիններին ջուրը մատակարարել է Շահումյանի անվան ջրանցքը
(1923-ից այսպես էր վերանվանվել Մամռի ուրարտական ջրանցքը): Այդ նպատակով կատարվել
են ջրատարի վերանորոգման աշխատանքներ՝ վերականգնել ու խորացվել են որոշ հատվածներ,
կառուցել ջրարգելակներ։
ԵրՀԷԿ-ը
կառուցվել է 1923-1925 թթ. ընթացքում: Կայանի հզորությունը 5600 ձիաուժ (4650 կՎտ)
էր, ինչը գերազանցում էր մինչ այդ քաղաքում գործող բոլոր ՀԷԿ-երի հզորությանը:
ՀԷԿ-ի
հանդիսավոր գործարկումը տեղի է ունեցել 1926 թ. մայիսի 16-ին ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի
առաջին քարտուղար Սերգո Օրջոնիկիձեի մասնակցությամբ: Այս կառույցի, ինչպես նաև՝ հանրապետության
էներգետիկ համակարգի ստեղծման գործում ունեցած մեծ ներդրման համար 1926 թ. Ալ. Թամանյանին
շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչում:
1940-ական
թթ. սկզբին, պահպանելով ճարտարապետական լուծումը, ԵրՀԷԿ-ի շենքն ընդարձակվել է:
1962-ից հանվել է երկրի էներգահամակարգից և հատկացվել այլ նշանակության հիմնարկների:
Նույն թվականին ՀԷԿ-ից ոչ հեռու կառուցվել է Երևանի ՀԷԿ-ի նոր շենքը։ 1967 թ. ՀԷԿ-ի
հին շենքում բացվել է հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը:
Երևանի
առաջին ՀԷԿ-ը կառուցված է կոպտատաշ բազալտից՝ ազգային ճարտարապետության ավանդույթներով։
Ճարտարապետական լակոնիկ ձևերով, շինանյութի գույնով և կոպտատաշ մշակմամբ այն ներդաշնակ
է կիրճի բնապատկերի հետ: Կառույցը հայկական ազգային ճարտարապետական մոտիվների կիրառման
և դրանց ժամանակակից հնչեղություն տալու թամանյանական առաջին փորձն է: