ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԶՈՐԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ


Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին իր անունը ստացել է այստեղ պահվող հրա¬շագործ «Զորավոր» Ավետարանից:


17-19-րդ դդ

Պետ․ ցուցիչ՝ 1672

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում ժամանակին եղել է փոքր մատուռ՝ կա­ռուց­ված Անանիա առաքյալի գերեզմանի վրա, որը գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս՝ հյուսիսային կողմում: 17-րդ դարի առա­ջին քառորդին Մովսես վարդապետը (հետագայում՝  Մովսես Գ Տաթևացի Ամենայն Հայոց կա­թո­ղիկոս՝ 1629-1632) Երևանի բնակիչների ու վաճառականների միջոցներով այդ մատուռի շուրջը հիմնել է անապատ, կառուցել փայ­տաշեն, պարս­պա­պատ համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, միաբանների խցերից, հիմնադրել վանական դպրոց, որը եղել է ժամանակի հո­գևոր և գիտական կենտրոններից մեկը:

1635-1636 թթ, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ անա­պատի բոլոր շինությունները, բացի մատուռից, ավերվել են։ 1637 թ Ամենայն Հայոց կաթողիկոս Փիլի­պոս Ա Աղբակեցին (1632-1655) վանքը վերաշարել է քարից, սակայն Արարատյան դաշտավայրի 1679 թ ավերիչ երկրաշարժից ա­նա­պատը դարձյալ ավերվել է։ Ներկայումս կանգուն, մեկ զույգ մույթերով, եռա­նավ բազիլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից եռակամար բաց գավիթ-սրահը կառուցվել են 1693 թ երևանցի մեծա­հարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ։ Եկեղեցու ներսից՝ հյուսիսային մույթի կողքից բացվել է մուտք դեպի Սուրբ Անանիայի դամբարան: 1889 թ. դամբարանը բաժանել են եկեղեցուց, ներսից մուտքը փակել են և վրան կառուցել են եկեղեցուց անջատ, ութասյուն, գմբեթավոր ներկայիս փոքր մատուռը:  Այստեղ է Անանիա առաքյալի տապանաքարը:

Եկեղեցուց հարավ-արևմուտք դարպասն է (17-19-րդ դդ. պարիսպը չի պահպանվել): Եկեղեցու շուրջը եղած գերեզմանոցից տարածքի հարավային կողմում պահպանվել են մի քանի տապանաքարեր՝ 1811, 1891 և 1918  թվակիր տապանագրություններով: Եկե­ղե­ցու արևելյան ճակատին ագուցված են Խոջա Փանոսի ընտանիքի անդամներին նվիրված արձանագիր խաչքարեր: Արձանագիր խաչքարեր կան նաև արևմտյան պատին` գավթի մեջ, որոնցից մեկը Հովհաննես կազմողի կերտած խաչքարն է (15-րդ դար):

1781 թ. Անանիա առաքյալի անապատի առաջնորդ Ավետիս վարդապետը եկեղեցու խորանում կանգնեցրել է քարե խաչկալ: 1793 թ. եկեղեցու տանիքը նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից, ով 18 դ. Երևանում հայտնի Գեղամյան տոհմից էր:

Վա­նական հաստա­տու­թյունը գործել է մինչև 1835 թ., որից հետո վերածվել է ծխական եկեղեցու։ Այստեղ պահվող և հրա­շագործ համարվող «Զորավոր» Ավետարանի անունով եկեղեցին կոչվել է Զո­րա­վոր Սուրբ Աստվածածին։

1978-1980 թթ. կատարվել են որոշ վերափոխումներ. գավթի կամարները փակվել են լուսամուտներով, կենտրոնական կամարը վերածվել է գլխավոր մուտքի, դահլիճի արևմտյան մասում ավելացվել է վերնահարկ:


Փարպեցի փող. 9
+37410 530 162