ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՐԴԱՎԱՌԻ ԼԻՃ


Մ.թ.ա. VIII դ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.24

Կառուցող՝ Վանի թագավոր Արգիշտի Ա (մ.ա. 786-764 թթ.)

Արհեստական ջրամբարը, որը բնակիչների շրջանում հայտնի է «Թոխմախ գյոլ» (լիճ) անվամբ, գտնվում է քաղաքի հարավարևելյան մասում՝ Լիոնի անվան (նախկինում՝ Վարդավառ, Կոմերիտմիության, Թոխմախի) զբոսայգում: Կառուցել է Վանի տիրակալ Արգիշտի Ա-ն` Էրեբունի ամրոցը ջրով ապահովելու ու շրջակա հողերը ոռոգելու համար:

Սնվել է Աբու Հայաթ ջրանցքից: Այժմ լճի մեջ են թափվում Գետառի և Մամռի ջրանցքների ջրերը:

Վերակառուցվել է XVI դ. Երևանի Թոխմախ խանի օրոք:

Արհեստական հողապատնեշի մեջ առնված 7 հա մակերեսով փոսորակ է: Ենթադրվում է, որ ջրամբարից խմելու ջուրը Էրեբունի ամրոց է հասցվել տուֆե մեծ խողովակներով, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են Արին բերդի ստորոտում:

Մինչև 1930-ական թթ. ջրամբարի արևմտյան մասում պահպանվում էր մոտ 6 մ բարձրությամբ, կլոր, աշտարակաձև, նեղ ու փոքր բացվածքներով մի շինություն, որի նմանօրինակը եղել է ինչպես Աբու Հայաթի ջրանցքի ակունքի մոտ, այնպես էլ՝ Հրազդանի մեծ կամրջից ոչ հեռու՝ ձորի վրա իշխող բլրակի գագաթին: Ենթադրվում է, որ հիշյալ աշտարակաձև շինությունները ջրամատակարարումը հսկող պահակակետեր են եղել:

Վարդավառի լճի մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151 000 մ3: Պատվարը հողային է, առավելագույն բարձրությունը՝ 7 մ:

Ավանդության համաձայն՝ Աբու Հայաթի ինքնասպանությունից հետո նրա փեսացու Թոխմախ խանն իրեն նետել է այս լիճը: Այդ օրվանից լիճն անվանել են Թոխմախան, իսկ նրա մեջ թափվող ջրանցքը՝ Աբու Հայաթ:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Լիոնի այգի