ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
2002
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Տաղանդավոր
գիտնական, ռադիոֆիզիկոս, հմուտ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Լեոնիդ
Ազգալդյանի (1942-1992) հուշակոթողը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ բնակելի շենքի մոտ:
Արցախյան
շարժման առաջին իսկ օրից Ազգալդյանը մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին:
Կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ մի շարք շրջանների, մասնավորապես, Վարդենիսի շրջանի
ինքնապաշտպանական մարտերը: 1991 թ. ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը:
1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ սպանվել է դավադիր կրակոցից:
2019 թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ
Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:
Հուշակոթողը
2002 թ. դեկտեմբերի 11-ին տեղադրվել է այն շենքի մոտ, որտեղ ապրել է Արցախի հերոսը:
Մոխրագույն բազալտի երկու կտորից, փայլեցրած մակերեսով, շեղանկյունաձև քարի (բարձրությունը՝
2,7 մ) վերին մասում քանդակված է հերոսի դիմապատկերը՝ ռեալիստական արտահայտմամբ, կերպարի
վառ անհատականության ընդգծմամբ: Կոթողի հյուսիսարևմտյան նիստին պատկերված է արմավենու
ճյուղ, իսկ հարավարևմտյան նիստին փորագրված է. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ,
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»: Հուշակոթողը ունի Լեոնիդ Ազգալդյան մեծ հայի,
ազգային նվիրյալի, քաղաքացու, գիտնականի հիշատակը հավերժացնող նշանակություն: