ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ


2002


Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան


Տաղանդավոր գիտնական, ռադիոֆիզիկոս, հմուտ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Լեոնիդ Ազգալդյանի (1942-1992) հուշակոթողը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ բնակելի շենքի մոտ:

Արցախյան շարժման առաջին իսկ օրից Ազգալդյանը մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին: Կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ մի շարք շրջանների, մասնավորապես, Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը: 1991 թ. ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ սպանվել է դավադիր կրակոցից: 2019 թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:                

Հուշակոթողը 2002 թ. դեկտեմբերի 11-ին տեղադրվել է այն շենքի մոտ, որտեղ ապրել է Արցախի հերոսը: Մոխրագույն բազալտի երկու կտորից, փայլեցրած մակերեսով, շեղանկյունաձև քարի (բարձրությունը՝ 2,7 մ) վերին մասում քանդակված է հերոսի դիմապատկերը՝ ռեալիստական արտահայտմամբ, կերպարի վառ անհատականության ընդգծմամբ: Կոթողի հյուսիսարևմտյան նիստին պատկերված է արմավենու ճյուղ, իսկ հարավարևմտյան նիստին փորագրված է. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ, ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»: Հուշակոթողը ունի Լեոնիդ Ազգալդյան մեծ հայի, ազգային նվիրյալի, քաղաքացու, գիտնականի հիշատակը հավերժացնող նշանակություն:


Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկ