ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՓԱՌՔԻ ՊԱՆԹԵՈՆ


1990 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.1

Գտնվում է քաղաքի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհից աջ՝ Եռաբլուր բլրաշարքի ամենամեծ բլրի (բարձրությունը՝ 951 մ) գագաթի հարթության վրա։ Հիմնադրվել է 1990 թԱրցախյան ազատամարտում ընկած զինվորների շիրիմներն ամփոփելու նպատակով: Գերեզմանոցի կարգավիճակը հաստատվել է 1992 թ. մայիսի 26-ի Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Հատակագծային և ճարտարապետական լուծումների հեղինակը Ասլան Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետական խումբն է։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։

Զբաղեցնում է 19,22 հա տարածք։

Սեբաստիա փողոցից պանթեոն տանող մուտքի հատվածը կազմակերպված է հաղթակամարի տեսքով:

Բարեկարգ է, թաղումները կանոնավոր շարքերով են, անցումները՝ սալահատակված։ Սկզբնամասում տեղադրված են ցայտաղբյուրներ։ Գերեզմանները նմանատիպ են: Դրանք ցածր պատվանդանների վրա ուղղանկյուն տապանաքարեր են՝ զոհվածների անուններով, ծննդյան և մահվան թվականներով, զոհվածների պատկերներով ուղղաձիգ տեղադրված սալիկներով: Շինանյութը սրբատաշ բազալտն է, հանդիպում է նաև գրանիտ:

Տարածքի արևմտյան կողմում հրամանատարական անձնակազմի շարքն է, կենտրոնական հատվածում կամավորական ջոկատների զոհվածների թաղումներն են։ Արևելյան մասը եզրափակում են զինվորական ծառայության մարտիկների գերեզմանները: Պանթեոնում թաղված են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներ, 1994 թ. զինադադարից հետո զոհված ազատամարտիկներ և զինծառայողներ, 2016 թքառօրյա, 2020 թ. 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմներում, հետագա մարտերում զոհված զինծառայողներ, ինչպես նաև՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներ։ Պանթեոնում են ամփոփված նաև զորավար Անդրանիկի (տեղափոխված Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցից 2000 թ. փետրվարին), հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ Աղբյուր Սերոբի կնոջ և զինակցի՝ Սոսե մայրիկի (Սոսե Վարդանյան, տեղափոխված Եգիպտոսից 1998 թ.), ՀՀ ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի աճյունները։

Եռաբլուրում են գտնվում Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը, մուտքի ձախակողմում՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կառուցված Սրբոց Վարդանանց (Նահատակաց) եկեղեցին (կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հ և Վ Ոսկանյանները, օծվել է 1998 թ.), Զոհված ազատամարտիկների թանգարանը (շինարարությունը մնացել է անավարտ

Համալիրը հսկում է գերեզմանատան զինվորական-պահակային ծառայությունը։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան








Մալաթիա վարչ. շրջան