ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ԷՐԵԲՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ (ԱՐԻՆ ԲԵՐԴ)
Էրեբունին հիմնադրել է Վանի թագավորության (Բիայնիլի) հզորագույն արքաներից Արգիշտի Ա-ն իր գահակալության 5-րդ տարում (մ.թ.ա. 782):
Էրեբունի
քաղաքատեղին գտնվում է Երևանի
հարավարևելյան կողմում՝ Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջակայքում՝ Արին բերդ բլրի (բարձրությունը՝ 60 մ) վրա: Առաջին անգամ հիշատակվում
է Վանի թագավորության (Բիայնիլի) հզորագույն արքաներից մեկի՝ Արգիշտի Ա-ի Խորխոռյան
տարեգրության մեջ, որում ասվում է, որ Արգիշտին իր գահակալության 5-րդ տարում (մ.թ.ա. 782) ամայի վայրում հիմնադրել է Էրեբունի քաղաքը` այստեղ վերաբնակեցնելով 6600 զինվոր:
Էրեբունի
քաղաքատեղին
ունեցել է ռազմավարական խոշոր նշանակություն Արարատյան դաշտում և Հայկական լեռնաշխարհի
հյուսիսարևելյան շրջաններում Վանի թագավորության դիրքերն ամրապնդելու համար, եղել է
վարչական և պաշտամունքային խոշոր կենտրոն:
Մ.թ.ա. 7-րդ դ. տեղը զիջել է քիչ հեռու
կառուցված Թեյշեբաինի քաղաքին (Կարմիր բլուր): Մ.թ.ա. 5-4-րդ դդ. Էրեբունին կարևոր
բնակավայր էր աքեմենյան Պարսկաստանի 18-րդ սատրապության կազմում: Գոյատևել է մինչև մ.թ.ա. 4-րդ դ. երկրորդ կեսը:
Քաղաքատեղիի կազմում է միջնաբերդը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր)։ Այն Արին բերդ բլրի գագաթին եռանկյունաձև հատակագծով, 5-6 մ բարձրությամբ պահպանված
հզոր բերդապարիսպներով շինություն է՝ կառուցված բազալտից, տուֆից և հում աղյուսից: Ունեցել է երեք հիմնական հատված՝
պալատական, պաշտամունքային
և տնտեսական: Բլրի գագաթին՝ միջնաբերդի մուտքի մոտ, 1950 թ. հայտնաբերվել է Էրեբունիի հիմնադրման մասին
Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 782), որի 13-տողանոց տեքստը
փորագրված է 69 x 38 սմ չափերով հրաշալի մշակված բազալտե որմնաքարի վրա: Սեպագիրը համայն
հայության մայրաքաղաք Երևանի «ծննդյան վկայականն է» (ըստ մասնագետների՝ «Էրեբունի» անվանաձևից է առաջացել «Երևան» անունը) և հիմք է հանդիսացել
1968 թ. նրա հիմնադրման 2750-ամյակը նշելու համար:
Էրեբունի բերդաքաղաքի ամենամեծ շինությունը Արգիշտի Ա-ի կառուցած մեծ պալատն է (մ.թ.ա. 8-7-րդ դարեր): Ուղղանկյուն հատակագծով, 60 x 80 մ չափերով կառույցը բաղկացած է երկու` հանդիսավոր-ծիսական և բնակելի, տնտեսական-պահեստային մասերից: Ունի ընդարձակ դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջ խմբավորված
են տարբեր նշանակության սենյակներ: Ուղղանկյուն հատակագծով փոքր պալատը (մ.թ.ա. 8-րդ դ.) կենտրոնական բակի հյուսիսարևելյան կողմում է: Խալդ աստծո տաճարը (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) ուղղանկյուն կառույց է, որը հյուսիսարևելյան ճակատային մասով ուղղված
է դեպի միջնաբերդի կենտրոն: Երվանդունիների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դդ.) կառուցված պալատական «Հրո» տաճարը միջնաբերդի կենտրոնական
բակի հյուսիսային անկյունում է. պահպանվել
են միայն հիմքերը: Միջնաբերդի մեծ պալատի թևերից մեկում «Սուսի» տաճարն է (մ.թ.ա. 8-րդ դ.), որը վերակառուցվել և ներառվել
է «Հրո» տաճարի մեջ: Միջնաբերդի շուրջը բնակելի կամ քաղաքային թաղամասն է (մ.թ.ա.8-րդ դ.), որը զբաղեցնում է մոտ 200 հա տարածք: Բնակելի ու տնտեսական մի
քանի սենյակներից բաղկացած տների մնացորդներ են պեղվել միջնաբերդի տարբեր հատվածներում: Հայտնաբերվել են Վանի թագավորության
խեցեգործությանը բնորոշ անոթների բեկորներ: Ուշագրավ է 1968 թ. միջնաբերդից արևմուտք հայտնաբերված, մ.թ.ա. 5-4-րդ դդ. թվագրվող արծաթե եղջերանոթների գանձը:
1968 թ. հոկտեմբերին՝ Երևանի հիմնադրման
2750-ամյակի տոնակատարության օրերին, բացվեց Արին բերդ բլրի արևմտյան ստորոտին կառուցված
«Էրեբունի» թանգարանը (այժմ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան): Շենքը
կառուցվել է ճարտարապետներ Շմավոն Ազատյանի և Բաղդասար Արզումանյանի նախագծով: Ուղղանկյուն
հատակագծով, 24 x 27,05 մ չափերով երկհարկանի կառույցը կրում է Վանի թագավորության
շրջանի ճարտարապետության տարրեր: Թանգարանում ցուցադրվում են Էրեբունի, Շենգավիթ և
Թեյշեբաինի քաղաքատեղիների պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութեր: Շենքի չորս
ճակատները հարդարված են հարթաքանդակներով, որոնց հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն
է: Քանդակների թեման բիայնական պետությունն է՝ իր պատմությամբ, պաշտամունքով ու մշակույթով:
Շենքի գլխավոր ճակատի կենտրոնում Արգիշտի արքայի դիմաքանդակն է, աջ և ձախ կողմերում՝
նետաձիգներ և շինարարներ: Մյուս ճակատներին քանդակված են գլխավոր Խալդ աստվածը, որսի
տեսարան և այլն: