ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ


1924-1926, 1933


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3


Հրապարակն անվանվել է նշանավոր ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի պատվին։ Այն բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Շառլ Ազնավուրը։

«Կինոմոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող հրապարակը պատմականորեն ձևավորվել է Աբովյան (նախկին՝ Աստաֆյան) փողոցի կառուցապատման արդյունքում։ Այստեղ են գտնվել Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին և Զալխանի պարսկական մզկիթը (1649)։ Այն Երևանի առաջին հրապարակներից է և ներառված է եղել Երևանի 1924 թվականի գլխավոր հատակագծում (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան)։

Հրապարակն ունի կիսաօղակաձև հորինվածք։ Այն ձևավորվել է կիսաշրջանաձև տեղադրված երկու շենքերով՝ «Կինոմոսկվա» կինոթատրոնով և «Գոլդեն Թյուլիփ Գրանդ Հոթել» հյուրանոցով։

1966 թվականին հրապարակի կենտրոնում կառուցվել է դեկորատիվ ջրավազան՝ խճանկարային ձևավորմամբ (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Օ. Խաչատրյան)։ 1984 թվականի նոյեմբերի 20-ին շահագործման է հանձնվել ջրավազանի շատրվանը՝ 12 համաստեղությունները խորհրդանշող կենդանակերպ պատկերներով (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան)։

Հրապարակի ճարտարապետության մեջ օգտագործվել են տուֆը, բազալտը, ապակին, սվաղը և երկաթբետոնը։ 1970 թվականին շենքերի արտաքին հարդարանքը երեսպատվել է դեղին ֆելզիտով։


Աբովյան փող․