ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԽԱՉՔԱՐԵՐԻ ՊՈՒՐԱԿ


2014


Խաչքարերի պուրակը գտնվում է Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց։

Պուրակի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 11-ին։ Այն ձևավորված է երեք ջրավազաններով, շատրվաններով, սիզամարգերով և նստարաններով։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 20-ին, պուրակում բացվել է «Մշակութային եղեռնխաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում (Անի, Դերջան, Վասպուրական, Բաղեշ-Բիթլիս) և Նախիջևանում (Հին Ջուղա, Ճահուկ) ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները։

Տասնչորսերորդ խաչքարը պուրակում տեղադրվել է 2022 թվականին՝ ի նշան Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի և Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան կատարած այցի 20-ամյակի։

Պուրակի սկզբնամասում (Նալբանդյան փողոցի կողմից) տեղադրված են նաև սեպագիր արձանագրություններով չորս խոշոր կոպտատաշ քարաբեկորներ։ Արձանագրությունները հատվածաբար ընդօրինակված են Հին Արևելքի հզոր պետություններից մեկի՝ Վանի (Բիայնիլի) թագավորության արքաներ Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786–764 թթ.) Խորխոռյան և Սարդուրի Բ-ի (մ.թ.ա. 764–735 թթ.) սեպագիր տարեգրություններից։ Այստեղ ներկայացված են նաև Խորխոռյան տարեգրությունից Էրեբունի ամրոցի (մ.թ.ա. 782 թ.) և Արգիշտիխինիլի քաղաքի (մ.թ.ա. 776 թ.) կառուցման մասին արձանագրությունների կրկնօրինակները։

Շինանյութ են ծառայել գորշ բազալտը, ինչպես նաև սև, կարմիր և դարչնագույն տուֆը։ Տեղադրված բոլոր կոթողների քարգործ վարպետը Արտակ Համբարձումյանն է։

Խաչքարերի պուրակը երևանցիների հանգստի սիրելի վայրերից է: 


Խաչքարերի պուրակ