ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ («ԹՈՒՄՈՅԻ ԱՅԳԻ»)


1970 թ.


Վերակառուցված՝ 2009-2010 թթ.

Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում` Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի (Հրազդանի մեծ կամուրջ) հարևանությամբ:

Հիմնադրվել է 1970 թ., հայ մեծ բանաստեղծ Հովհանննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, իբրև մանկական այգի: Ժողովրդի շրջանում հայտնի է «Թումոյի այգի» անվամբ։ Զբաղեցնում է 7 հա տարածք։

1971 թ. ստեղծվել և 1973 թ. այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի գլխավոր հերոսների՝ Անուշի ու Սարոյի բազալտե քանդակը (հեղինակ՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյան, բարձրությունը՝ 2,8 մ)։

1986 թ. այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի բրոնզաձույլ քանդակը (քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան)։ Նրա երկարությունն ավելի քան 4 մետր է, բարձրությունն՝ ավելի քան 2 մ: Հետագայում կոտրվել է: 2020-ական թթ. սկզբին վերականգնվել և տեղափոխվել մեծ բանաստեղծի ծննդավար՝ Լոռու մարզի Դսեղ գյուղ: Այժմ գտնվում է գյուղի կենտրոնական հրապարակում, Թումանյանի հերոսների թեմաներով պատրաստված այլ քանդակների հետ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով քանդակը վերականգնել է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը:

2009-2010 թթ. Թումոյի այգին վերակառուցվել է. ստեղծվել են ֆուտբոլի ու բասկետբոլի խաղադաշտեր, մանկական խաղահրապարակներ, տնկվել է շուրջ 1000 ծառ, կառուցվել են հետիոտնային ու հեծանվային ուղիներ, ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ։ Այգուն հյուսիսից հարող տարածքում՝ երբեմնի «Արագած» կինոթատրոնի մերձակայքում, ամերիկահայ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի  նախաձեռնությամբ (ղեկավարներ՝ Սեմ և Սիլվա Սիմոնյաններ) 2011 թ. կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը Հայաստանում (հեղինակ՝ լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրի), որտեղ անվճար տեխնոլոգիաներ և դիզայն են ուսումնասիրում բազում երեխաներ։

Այգում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ: Խնամվում է բացառապես «Թումո» կենտրոնի կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հալաբյան փող.