ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ


1980-ական թթ.


Բարեկարգումը՝ ճարտարապետ Գագիկ Հարությունյանի

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Ստեփան Զորյան փողոցի միջև` Ֆրանսիայի հրապարակի և Օպերայի և բալետի թատրոնի դիմաց:

Պուրակի կենտրոնում տեղադրված է աշխարհահռչակ հայ նկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 6մ բարձրությամբ արձանը (1986 թ., սպիտակ մարմար, քանդակագործ` Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ` Արթուր Թարխանյան)։

Պուրակում են գտնվում նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» («Կենաց ծառ») հուշարձանը (քանդակագործ՝ Հակոբ Փիլիպոսյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան, նկարիչ՝ Ա. Ցիլխիասյան, 1970 թ.) և «Տղամարդիկ» արձանախումբը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան, 2007 թ.): Վերջինս նվիրված է խորհրդահայ կինոբեմադրիչ Էդմոնդ Քեոսայանի ծննդյան 75 և նրա «Տղամարդիկ» կիոնկարի ստեղծման 35-ամյակին: Արձանախումբը տեղադրվել է Քեոսայանի որդիների՝ Տիգրան և Դավիթ Քեոսայանների նախաձեռնությամբ: Պատրաստված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։

Այգու տարածքում հանգստյան օրերին մշտապես գործում է ժամանակակից նկարիչների աշխատանքների բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի պատճառով ժողովուրդը պուրակն անվանում է նաև «Սարյանի վերնիսաժ»:

Պուրակում տեղադրված են հարմարավետ նստարաններ, մշակված են ճեմուղիներ, պարագծով գործում են սրճարաններ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մաշտոցի պողոտա