ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՀԱՂԹԱՆԱԿ ԶԲՈՍԱՅԳԻ


1930-ական թթ. վերջ


Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան

Գտնվում է Ազատության պողոտայում։

Այգու կառուցումը սկսվել է 1930-ական թվականների վերջին։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի, որտեղ պետք է հիմնադրվեր Հաղթանակի հուշահամալիրը։

Հաղթանակի զբոսայգու հուշահամալիրը Իոսիֆ Ստալինի հուշարձանով բացվել է 1950 թ․։ Արձանի մոնումենտալ չափերի պատճառով երևանցիները համալիրը, այգին և թաղամասն այսօր էլ «Մոնումենտ» են անվանում։

Գլխավոր մուտքից լայն ծառուղին տանում է դեպի Հաղթանակի մոնումենտը, որի դիմացի հրապարակից բացվում է քաղաքի համայնապատկերը։

Հաղթանակի զբոսայգին, որի նախնական տարածքը 110 հա էր, իր տարատեսակ կարուսելներով, արհեստական լճակով և խաղահրապարակներով միշտ եղել է երևանցիների, հատկապես երիտասարդների, հանգստի ու ժամանցի սիրելի վայրերից մեկը։ Առաջին կարուսելն այգում տեղադրվել է 1955–1956 թթ․։

«Արևիկ» լիճը կառուցվել է 1958–1961 թթ․։ Այն կրկնում է Սևանա լճի ուրվագիծը և ունի մինչև 8,5 մ խորություն։ Այստեղ կարելի էր և՛ լողանալ, և՛ նավակով շրջել։ Կառուցվել են նաև տաղավարներ և կառույցներ՝ ճարտարապետ Հովհաննես Հակոբյանի նախագծով։ Զբոսայգում 1967 թ․ տեղադրվել է առաջին պտտվող անիվը՝ երևանցիների կողմից սիրված «Чертовое колесо»-ն, իսկ 1989 թ․՝ երկրորդը։

Զբոսայգու տարածքում է գտնվում Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1957 թ․ սպիտակ ֆելզիտի և Անիի օխրայագույն տուֆի համադրությամբ կառուցված «Արագիլ» ռեստորանը, որն ավետաբեր թռչնի պես թառել է Քանաքեռի բարձունքներում։ Արագիլի քանդակի հեղինակը քարտաշ վարպետ և ոսկերիչ Հրաչ Ստեփանյանն է։ Այստեղ են նկարահանվել հայկական «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարի (1963) որոշ տեսարաններ։

1983–1985 թթ․ զբոսայգու և հուշահամալիրի տարածքներում իրականացվել են վերակառուցման աշխատանքներ (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան)։ Կառուցվել է Հերոսների ծառուղին, վերակառուցվել է նաև 1970 թ․ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով ստեղծված Անհայտ զինվորի գերեզմանը՝ հավերժական կրակով։

Զբոսայգու գլխավոր մուտքը լուծված է հաղթակամարի տեսքով և ունի միմյանց չկրկնող հարթաքանդակներ։ Պողոտայի երկայնքով կառուցված արևմտյան պարսպապատը շարված է դարչնագույն տուֆից՝ շեղանկյունաձև քարերով։ Այն կառուցվել է 1983 թ․՝ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։

2011 թ․ զբոսայգում իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։


Ազատության պող. 2
+37410 205 881, +37495 900 060