ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան
Գտնվում
է Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև ընկած հատվածում։
Հիմնադրվել
է 1933 թվականին։
Նախկինում
այս տարածքում գտնվել են հին Երևանի մեծ շուկան՝ Ղանթարը, և Գյուրջի քարավանատունը՝
հարակից խանութներով, կրպակներով և այլ շինություններով։
1934
թվականին խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի մահից հետո այգին կոչվել է նրա անունով։
Խորհրդային
տարիներին Մանկական այգում թաղված էր նաև ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Նիկոլայ Նովիցկին։
Անկախության տարիներին նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Էրեբունի վարչական
շրջանի կենտրոնական գերեզմանատան զինվորական պանթեոնում։
2021
թվականին այգու հյուսիսարևելյան հատվածում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում
հայտնաբերվել են հնագիտական շերտեր։ Պեղումների արդյունքում բացվել են XIX դարի երկրորդ
կեսով – XX դարի առաջին տասնամյակներով թվագրվող աղյուսաշեն և տուֆաշեն կառույցների
մնացորդներ, ջրամատակարարման համակարգի տուֆաշար հատված, ինչպես նաև հայտնաբերվել են
տարատեսակ խեցեղեն, ապակե և մետաղե առարկաներ, եղջերավոր անասունների ոսկորներ, ֆրանսիական,
բրիտանական, ռուսական և պարսկական արտադրության ապրանքներ՝ հանդերձանքի պարագաներ,
կենցաղային և տնտեսական նշանակության իրեր, ճենապակյա սպասք և այլն։
Պեղումների
արդյունքները վկայում են, որ նշված ժամանակահատվածում Երևանը եղել է տարանցիկ առևտրի
կարևոր կենտրոն, որտեղ հատվել են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։
Մանկական
այգին երևանցիների սիրելի հանգստավայրերից մեկն է։