ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացնում է բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը:
Պետ. ցուցիչ՝ 1.6.171
Ճարտարապետներ՝ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյան, Հենրիխ Առաքելյան
Հայ
մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով 1958 թվականին
նրա առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: 1963 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի
է ունենում տուն-թանգարանի բացումը:
Թանգարանի շենքը ուղղանկյուն հատակագծով, կիսով
չափ երկհարկ, սև տուֆից շինություն է: Առաջին հարկի կամարում լուսամուտներն ունեն կիսաշրջան
եզրակալներ: Երկրորդ հարկը լուսավորվում է երդիկներից:
Թանգարանի բնական շարունակությունն է ծաղկաշատ
այգին: Այգու խորքում տեղադրված է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած տուֆակերտ նստարանը,
քիչ հեռու՝ Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր
Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունն այցելուին է ներկայանում հուշային մասով և բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող մշտական ցուցադրությամբ: Հուշային մասը կազմում են բանաստեղծի` առաջին հարկում գտնվող աշխատասենյակը, ննջարանը, հյուրասենյակը, ինչպես նաև գողտրիկ այգին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է նրա կենդանության օրոք: Բանաստեղծի աշխատասենյակում կարելի է տեսնել նրա հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը։ Հուշային սենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ սովորաբար անցկացվում էին գրական հավաքներ, տոնական խնջույքներ: Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը, որտեղ կախված է սիրելի մոր` Ալմաստի լուսանկարը: Թանգարանում ներկայացված են նաև ձեռագրեր, տարբեր տարիների հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, կարևոր վավերագրեր: