ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ


V-VI դդ., վերանորոգված` 1271 թ


Պետ. ցուցիչ՝ 1.2.13

Գտնվում է Ավան թաղամասում՝ Ն. Սաֆարյան փողոցին հարող տարածքում՝  բլրալանջին՝ Սբ. Աստվածածին եկեղեցուց (անվանում են նաև մատուռ) հարավ։ Կառուցման վերաբերյալ պատմական տեղեկություններ հայտնի չեն: Վաղ միջ­նա­դարում հիմնված լինելու մասին են վկայում խորանի գմբեթարդի կամարի պայտաձևությունը, մուտքի ճակատակալ քարին շրջանագծված հավասարաթև խաչերը, կարմրաներկ որմնանկարները Դանիելն առյուծների գբում»՝ V-VI դդ, «Ձուկ»՝ V-VI դդ) և այլն:

Եկեղեցին երկաստիճան գետնախարսխի վրա կառուցված, թաղածածկ (քանդված է), միանավ սրահ է։ Պատերը կարմրավուն և սև սրբատաշ տուֆից են՝ հարդարված բազմաթիվ խաչե­րով։ Խորանը եզերող խաչապատկերները քանդակվել են Ծերունի անունով վարպետի կողմից, հավանաբար, X-XI դդ.: Ներսը վերանորոգվել է 1271 թ. Ավանշահի և նրա որդու՝ Մևանի կողմից: Ավերվել է 1679 թ Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։

1968 թ կատարվել են եկեղեցու մաքրման, ամրացման և մասնա­կի վերականգնման աշխատանքներ։

Շրջակայքի ընդարձակ գերեզմանոցը (V-XVII դդ.) կառուցապատման հետևանքով ավերվել է: Պահպանվել են վաղմիջնադարյան քառակող կոթողների բեկորներ, գեղաքանդակ խաչքարեր ու բեկորներ, մի քանի տասնյակ հարթ, ուղղանկյունաձև, երկթեք վերնամասով և օրորոցաձև շիրմաքարեր։ Խաչքարերի և տապանաքարերի մի մասն արձանագիր է (խաչքար Նորճիկի՝ XV-XVI դդ., խաչքար, կազմող՝ Մելիքսեթ, XVI դ., խաչքար Մարիանի՝ 1610 թ., տապանաքար Գրիգորեսի՝ 1282 թ., տապանաքար պարոն Շնահվորի՝ 1301 թ. և այլն)։ Այստեղ է Ավանի նշանավոր որմնափակ խաչքարը (կազմող՝ Գրիգոր Անեցի, 1297 թ.), որը կանգնեցրել են Լույս ու Շաքարխաթուն ամուսինները եկեղեցու հյուսիսարևելյան անկյան մոտ։ Վերջինս միջնադարյան Հայաստանի կոթողային ար­վեստի լավագույն գործերից է՝ զարդաքանդակների նրբին և մանրակրկիտ մշակ­մամբ։

Եկեղեցիների միջև ընկած այգիներում պահպանվել են շինությունների ավերակներ, խաչքարերի բեկորներ, տապանաքարեր:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ն. Սաֆարյան փողոցին հարող տարածքում