ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐՄԵՆՈՒՀԻ
1968
Քանդակագործ՝ Հռիփսիմե Սիմոնյան
«Արմենուհի»
արձանի հեղինակը Հայաստանում կերամիկական արվեստի հիմնադիրներից Հռիփսիմե Սիմոնյանն
է:
Ստեղծագործությունը
կերտելիս արվեստագետը խուսափել է մակերեսային զարդարանքներից և նյութի ու ձևի նկատմամբ
չափից ավելի հավակնոտ մոտեցումից։ Այդ կերպ նա բացահայտել է հայ կնոջ վեհ, հզոր և միաժամանակ
սակավախոս կերպարը։
Կերամիկական քանդակը ներկայացնում է կանգնած կնոջ ամբողջական կերպար․ ձեռքերը ծալված են կրծքին, իսկ եռաչափ գլուխը,
ուսերն ու կրծքավանդակը միաձուլված են հագուստի հարթ մակերեսին։ Սա շեշտում է արձանի
և ճարտարապետական
կառուցվածքի ներդաշնակությունը։ Այդ տպավորությունն ամրապնդվում է նրա անսովոր խիստ
ճակատային (ֆրոնտալ) դիրքով։ Հագուստի ձախ եզրի անսպասելի շարժումը կարծես առաջացել
է ուժեղ քամու հարվածից։ Դա ամբողջ կերպարին հաղորդում է շարժման զգացողություն և ներքին
հուզական լարում։ «Արմենուհու» հագուստը չափազանց պարզ է․ ուրվագծվում է միայն գոտին, իսկ ստորին մասում
պատկերված են հուշկապարիկների կերպարները: Դեմքը արտահայտիչ է խորը տեղադրված աչքերի
շնորհիվ, որոնք ստեղծում են ներհայեցողության զգացողություն։
Քանդակը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում՝ որպես
Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվերը մայրաքաղաքին։
Սիրահարների այգի, Բաղրամյան փողոց