ԲԼՈԳ
Մայիս Ամսվա Միջոցառումներ
Մայիսը համարվում է գարնան զարթոնքի և հաղթանակների ամիս: Մայիս ամիսը հագեցած է թե՛ մշակութային միջոցառումներով և թե՛ պետական տոներով:
Մայիսի 1-ին նշվում է աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր: Երևանում այդ օրն իրականացվում են մի շարք երթեր:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ Ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Երևան քաղաքում «հաղթանակ» անվամբ է անվանակոչվել մեկ կամուրջ և զբոսայգի, ինչպես նաև փողոց Մայիսի 9-ի անվամբ: Հաղթանակի կամուրջը Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ է։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։
Հաղթանակ զբոսայգու կառուցման աշխատանքները սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» զբոսայգու: «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։
Հաջորդ հրաշալի տոնը ուսանողների և երիտասարդների օրն է, որը Հայաստանում նշվում է 2014 թվականից մայիսի 16-ից։
Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է ԵՊՀ-ի` մայր բուհի հիմնադրման օրը, քանի որ մայր բուհի հիմնադրմամբ է մեր երկրում սկիզբ առել ուսանողական կյանքը, ձևավորվել ուսանողական ավանդույթները:
Մայիս ամսվա գլխավոր մշակութային միջոցառումը, թերևս համարվում է Թանգարանների միջազգային օրը և դրա շրջանակում նշվող «Թանգարանների գիշեր» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում այցելուներին անվճար այցելել թանգարաններ՝ անմասն չմնալով նյութական և ոչ նյութական ժառանգության մշակութային կյանքին: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների դերը` վերախոխելու մեզ շրջապատող աշխարհը:
Մայիս 18-ին և 21-ին Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի բոլոր թանգարաններում նախատեսվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ:
Մայիսի 26-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի համբարձման օրը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության՝ Զատկի 40-րդ օրը:
Հարությունից հետո, ըստ Ավետարանների, Քրիստոսը 40 օր մնացել է երկրի վրա, իրական և հոգեղեն մարմնով երևացել Իր աշակերտներին, ուսացանել, օրհնել ու պատգամներ տվել նրանց:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով, տոնակատարություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում, նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն:
Մայիս ամսվա հաղթանակներին նվիրված միջոցառումները չեն սահմանփակվում միայն մայիսի 9-ին նվիրված միջոցառումներով, մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Այն համարվում է ազգային տոն։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: