ԲԼՈԳ

Card image cap

Ինքնապաշտպանություն առանց զենքի


Սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցեցին ավելի քան 72 երկրների ներկայացուցիչներ, 50 մարզիկներ և առնվազն 3 000 հյուրեր:


Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը: Մասնակցում են ավելի քան 72 երկրների ներկայացուցիչներ, 500 մարզիկներ և առնվազն 3 000 հյուրեր: Հայաստանի հավաքականները նվաճել են 10 մեդալ` 5-ական բրոնզե և արծաթե։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Գրիգորյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Վահագն Չալյանը, Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը, Վարսիկ Գրիգորյանը և Վաչիկ Վարդանյանը։

Ընդհանրապես, այս մարզաձևում հայերն ունեն ակնհայտ հաջողություններ, «Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել» վերնագրերը հաճախ են հայտնվում համաշխարհային մամուլում: Իրականում գաղտնիքը պարզ է, սամբո մարզաձևն ընդամենը հայկական հին մարտարվեստի ռեբրենդինգի ենթարկված տարբերակն է: Կոխ՝ հենց այսպես է կոչվում հայկական սամբոն: Կոխի մասին վկայություններ կարդում ենք Հայաստանով անցած շատ ճանապարհորդների հուշագրություններում։ 

Աշխարհի ամենահին մարտարվեստիներից մեկն է, որի մասին հայերն, իհարկե, ունեն նաև քարե արձանագրություն։ Մասնավորապես, Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում կոխի պատկերներով քանդակներ կան, որոնք թվագրվում են 10-րդ դար: Ընդ որում, դրանք մինչեւ այժմ հայտնի այդ թեմայով ամենահին քանդակներն են: Հաշվի առնելով, որ թուրքերը Անատոլիա եկել են 11-րդ դարում, իսկ հայերն այնտեղ անհիշելի ժամանակներից են, հետևաբար, քանդակները պատկերում են հենց հայկական կենցաղը: 

Կոխ մարզաձևն ունի երկու տեսակ՝ Լոռվա և Շիրակի։ Լոռվա կոխի ժամանակ ըմբիշները հագնում էին հատուկ հանդերձանք և գետնելու կամ հրելու հնարքների ժամանակ կարող էին բռնել հակառակորդի հագուստից։ Իսկ Շիրակի կոխի ժամանակ ըմբիշները մրցում էին միայն հատուկ վարտիքով, և նրանց թույլատրված էր բռնել հակառակորդի միայն ոտքերը։ 

Կոխը շատ տարածված էր հատկապես բազմամարդ արարողությունների ժամանակ։ Օրինակ՝  հարսանիքների ժամանակ կոխ էին բռնում հարսի ու փեսայի հարազատները։ Դա ամենաարագ ու հեշտ տարբերակն էր առանձնացնելու և երևան բերելու տարածքի ամենաուժեղ տղային:  Հանդիպումները սկսվում  են միայն ազգային երաժշտության ներքո պարելուց հետո: Նպատակը պարզ էր՝ տաքացնել մկանները: Մենամարտի սկիզբն էլ է բավականին տպավորիչ.  մարզիկները բարձրացնում են ձեռքերն ու միմյանց ափերին հարվածելուց հետո միայն սկսում պայքարը: 

Պայքար ասվածը շատ մարդասիրական երևույթ էր, ի դեպ: Կոխի կանոններին դեմ է մրցակցին նվաստացնելը: Հատկապես, որ մրցումը, որպես կանոն, հրապարակային բնույթ էր կրում, և համայնքի այլ տղամարդու ողջ հանրության աչքի առաջ զգետնելը պատիվ չէր բերի նաև հաղթողին: Ջենթլմենական բարքեր այն դարերում, երբ դեռ «ջենթլմեն» բառը նույնիսկ չէր ուրվագծվում: Կոխի օրենքներով լիովին բավարար էր մրցակցին բարձրացրել ուսերից վեր ու պտտեցնել: 

Մեկ այլ գրավոր արձանագրության համաձայն (իսկ հայերը սիրում են փաստաթղթավորված պնդումներ) դեռևս հեռավոր 281 թվականին հայոց Տրդատ Երրորդ արքան որպես ըմբիշ մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։ Որքանով էր մրցումը անկաշառ, մրցավարն էլ՝ չծախված, դժվար է պնդել, մնում է հավատալ գրավոր աղբյուրին: 

1963 թվականին խորհրդային նամականիշ հրապարակվեց՝ պատկերող հայկական կոխը: Սակայն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը խորհրդային ժամանակաշրջանում մասսայականություն չի վայելել: Կոխի հիմքի վրա 20-րդ դարի կեսերին ստեղծվեց ռուսական սամբոն՝ 1930-ական թվականներին: «Սամբո» ռուսերեն բառացի թարգմանվում է «ինքնապաշտպանություն առանց զենքի»՝ самбо - самозащита без оружия: 1967 թ-ին տեղի ունեցան միջազգային առաջին մրցումները, 1972-ին՝ Եվրոպայի առաջնությունը Ռիգայում, 1973-ին աշխարհի առաջնությունը Թեհրանում։

2001 թվականին բացվեց Կոխի ըմբշամարտի ազգային ֆեդերացիան (NKWF), և միայն 2017 թվականին կազմակերպությունը մի քանի մրցաշարեր անցկացրեց ամբողջ Հայաստանում: 


13 November 2023