ԲԼՈԳ

Card image cap

Բացօթյա բալետ Երևանում


Երևանում բացօթյա բալետի երեկոներ են: Թումոյի այգում հնչում են Արամ Խաչատրյանի գլուխգործոցները:


Հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի Թումոյի այգում երեք օր շարունակ երեկոյան հնչում էին նրա յուրօրինակ մեղեդիները: Խաչատրյանի գլուխգործոցները՝ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետային ներկայացումները կատարում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատերախումբը, ներգրավված էին 500-ից ավելի մասնակիցներ:

Ընդհանրապես, բացօթյա ներկայացումները նորություն են Երևանի համար, թատրոնի ակադեմիական շենքերում պարփակված բարձր արժեքները, թվում է՝ բեմից դուրս այդքան ազդեցիկ չեն լինի: Բայց այգում հավաքված հանդիսատեսը՝ մեծից փոքր, առանց աղմկելու կլանված դիտում էր:

Արամ Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացած  հանրահայտ կոմպոզիտոր է,  նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին. նրա «Գայանե» և «Սպարտակ» բալետները բեմադրվել են Գերմանիայում, Լեհաստանում, Լատինական Ամերիկայի պետություններում, Եգիպտոսում, ԽՍՀՄ 20-ից ավելի երկրներում, թատերախմբերը հյուրախաղերի են մեկնել ամերիկյան և եվրոպական քաղաքներ: «Գայանե» բալետի «Սուսերով պարն» աշխարհում ամենաշատ հնչած երաժշտական ստեղծագործությունների ցանկում է: Ի դեպ, այն մեծ համբավ բերել նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբին՝ դառնալով առաջին ձայնագրությունը, որի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը:

Արամ Խաչատրյանի ստեղծած մեղեդիները հնչել են նաև ֆիլմերում` Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը», Պետրովի «Ստալինգրադի ճակատամարտը», Ռոմի «Ծովակալ Ուշակով», «Գաղտնի առաքելություն» և այլն:

Կոմպոզիտորն իր երաժշտությունը տարածել և համերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր մայրցամաքների հեղինակավոր բեմերում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: Ժամանակի ընթացքում նրա մեղեդիները գրավեցին նաև ավստրալական քաղաքները: Առայժմ մոլորակի միակ կետը, որտեղ չի հնչել խաչատրյանական երաժշտությունը, սպիտակ անապատն է, որտեղ նույնիսկ ժամային գոտիներ չեն գործում:

Երևանում Արամ Խաչատրյանի երեք բալետներն էլ առաջին անգամ էին հնչում բացօթյա տարածքում: Երևանի քաղաքապետարանի նախագիծը նպատակ ուներ հանրահռչակել հայկական բալետը՝ երևանցիներին ու քաղաքի հյուրերին հնարավորություն տալով համատեղ վայելել Խաչատրյանի մեղեդիներն ու երևանյան զով երեկոները:


09 June 2023