ԲԼՈԳ

ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում յուրաքանչյուր եղանակ զուգորդվում է գունապնակի երփներանգներով ու յուրօրինակ համադրությամբ: Թավշյա օրեր, մեղմ արև, բազմազան գույներ, արևահամ ու հյութեղ մրգեր, ահա այսպիսին է աշնանային Երևանը:
Եթե չեք սիրում ամառային Երևանի տապը, ապա աշունն իր տաք, արևոտ, բայց ոչ շատ շոգ եղանակով Երևանում հանգստի լավագույն ժամանակն է։
Աշնանը Երևանում կգտնեք Ձեր ժամանցի կազմակերպման համար մի շարք հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ:
Աշնան առաջին օրը Հայաստանում նշվում է գիտելիքի և դպրության օրը: Այն համարվում է պետական տոն և նշվում է 1984 թվականից: Սեպտեմբերի 1-ը կոչվում է «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։
Սեպտեմբերի 2-3-ը Գյումրիում տեղի կունենա «Երևանի օրերը Գյումրիում» բազմաբովանդակ միջոցառումների ծրագիրը, (համերգներ, ներկայացումներ, Arts & Crafts ցուցահանդես-տոնավաճառ) իսկ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» գլխավոր համերգը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը` 15։00-ից Coca-Cola Music Fest-ն առաջին անգամ գալիս է Հայաստան և այն Հայաստանում անցկացվող առաջին նմանատիպ փառատոնն է։ Coca-Cola Music Fest-ը միջազգային լայնամասշտաբ փառատոն է, որը հիմնադրվել է 2008թ.-ին։ Այն անց է կացվելու Սպարտակ Արենայում հատուկ հյուրի ցանկում են` Willy William-ն ու Minelli-ն:
Սեպտեմբերի 5-10-ը Երևանում անց է կացվելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆե կղզում (Իսպանիա) 2011 թվականին և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:Այս տարի փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի աստղային համերգով, որին կմասնացեն Տիգրան Համասյանը, «Սանզ օֆ Ապոլլո» խումբը, Ռիկ Վեյքմանը, Դերեկ Շերինյանը և երաժշտության ոլորտի համաշխարհային այլ հեղինակություններ:
Սեպտեմբերի 9-11-ը Երևան քաղաքի Անգլիական այգում անց է կացվելու ալոկոհոլային խմիչքների համահայկական երկրորդ «Spirits of Armenia» փառատոնը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։00-ին Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա ամենավառ երաժշտական իրադարձությունը՝ 𝗬𝗲𝗿𝗲𝘃𝗮𝗻 𝗠𝘂𝘀𝗶𝗰 𝗡𝗶𝗴𝗵𝘁 𝟮𝟬𝟮𝟮-ը: Փառատոնի ընթացքում ելույթ կունենա հայտնի և սիրված երգչուհի OCEANA-ն։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00 Գաֆեսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «ԳՈւԹԱՆ» Հայաստանի ավանդական երգի պարի ամենամյա փառատոնը, որտեղ կներկայացվեն ավանդական երգեր և պարեր՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում կնշվի անկախության տոնը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետություն:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը:
Անկախության տոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ քաղաքի տարբեր հատվածներում: