ԲԼՈԳ
Երևանը Նովրուզին ընդառաջ պատրաստվում է հյուրընկալել Իրանից ժամանած զբոսաշրջիկների
Յուրաքանչյուր տարի իրանական նոր տարվա` Նովրուզի տոնակատարությունների շրջանակում, մեր երկիր են այցելում բազմաթիվ իրանցիներ իրենց արձակուրդներն անցկացնելու նպատակով, ընդ որում նրանց մեծ մասը նախընտրում է հանգիստն անցկացնել Երևանում:
Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասին զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտսին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի սին տառով:
Նշենք, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:
Իրանցի զբոսաշրջիկների տեղորոշման իրազեկվածությունը Երևան քաղաքում հեշտացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռևս 2015 թվականից տպագրում է պարսկերեն լեզվով քարտեզներ, որոնք յուրաքանչյուր տարի թարմացվում են: Քարտեզներում ներկայացված են մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, ցուցասրահներ, խանութ-սրահներ: Այս տարի ևս Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները իրանցի զբոսաշրջիկներին պատրաստ են տրամադրել պարսկերեն և անգլերեն լեզվով քարտեզներ: Երևան քաղաքում նաև գործում են պարսկական խոհանոցի մի շարք ռեստորաններ և սրճարաններ, ինչպես օրինակ «Շիրվան», «Նիմա» և «Արիա» ռեստորանները:
Տոնի շրջանակում մայրաքաղաք Երևանում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես սույն թվականի մարտի 22-ին, 24-ին և 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվում են մի քանի համերգներ իրանցի կատարողների մասնակցությամբ:
Տուրիզմի բաժին