ԲԼՈԳ
«Խոսող կտավներ» Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևանի գլխավոր հատակագծի հեղինակային ուրվագծի շոշափելի պատճենը Երևանի պատմության թանգարանում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Խոսող կտավներ» ներառական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակի շնորհանդեսը: Այսուհետ, տեսողության խնդիրներ ունեցող այցելուները թանգարանում կարող են «զննել» Թամանյանի հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ: Այն պատմում է Երևան քաղաքի գլխավոր ատակագծի ստեղծման պատմությունը և օգնում տեսնել այն, ինչ պատկերել է ճարտարապետը:
1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց, Ալեքսանդր Թամանյանի նախագծած, Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Սակայն, հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր այլ կառավարության օրոք՝ 1919 թվականին, երբ, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազունու հրավերով, ճարտարապետ-ակադեմիկ Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան։
Ծրագրի նախաձեռնող, «Սարեր» մշակութային կազմակերպության ղեկավար Էռնա Ռևազովան նշեց. «Մենք ստեղծել ենք հատակագծի շոշափելի կրկնօրինակը, որը բնօրինակի կողքին Երևան քաղաքի պատմության թանգարանում թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին «շոշափել և զննել» Ալ. Թամանյանի հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին տեսողության խնդիրներ ունեցող անձիք, ովքեր տեղում ծանոթացան հատակագծի կրկնօրինակին: