ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1860-ԱԿԱՆՆԵՐ


Երևան նահանգի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևը հիմք դրեց Անգլիական այգուն: Այգին այսօր հանդիսանում է Երևան քաղաքի ամենահին պուրակներից մեկը:


Այգու տարածքը իսկզբանե եղել է Երևանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը՝ ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն, այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով, իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակին, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտությանը։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։

1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։

Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։

Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր խճով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատվին, ոման էլ ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է Անգլիայի դրոշին։

Վերակառուցման պատճառով այգին 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թվականի բոլշևիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։

1920 թվականին Անգլիական այգում կայացավ Հայաստանի նորագույն պատմության ֆուտբոլային առաջին հանդիպումը՝ Երևանի և Ալեքսանդրապոլի (ներկայումս Գյումրի) թիմերի միջև:

Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։

1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը, ներկայումս՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի և նրա ստեղծած կերպար Պեպոյի արձանները։

2000-ականների սկզբին այգին կորցրեց իր տարածքի մեծ մասը: Նոր ճանապարհը՝ Իտալիայի փողոցը, կտրեց նրա հյուսիսային կողմը՝ մեկուսացնելով այգու մի մասը: Նոր ճանապարհի մայթին մի շարք շենքեր կառուցվեցին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը:

Մեկուսացված հատվածը հետագայում վերակառուցվեց որպես Երևանի 2800-ամյակի այգի:

«Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։

ԱՅԼ

1877


Էրիվանը պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ, և Երևանի բերդի տեղում սկսվեց Թաիրովի գինու և կոնյակի գործարանի շինարարությունը։

1956


Ներկայիս Երևանի երկաթուղային կայարանի շենքը կառուցվել է 1956 թվականին, բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։