ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2016
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան
Հայաստանի
առաջին հանրապետության քաղաքական, ռազմական, պետական գործիչ, ազգային գաղափարախոս,
փիլիսոփա, թուրքական զինված ուժերի դեմ մղված մի շարք մարտերի հրամանատար, Լեռնահայաստանի գոյամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան,
1886-1955) արձանը գտնվում է Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց՝ Հանրապետության
փողոցի եզրին։ Բրոնզաձույլ արձանը տեղադրված է պատվանդանի վրա, որի հետ ձուլվելով՝
կազմում է մի ամբողջություն։ Նժդեհը պատկերված է զինվորական երկար համազգեստով՝ ամուր,
խրոխտ ու վստահ կանգնած հայրենի հողի վրա։ Նրա հայացքը ուղղված է դեպի հեռուն՝ ապագան։
Ձախ ձեռքով նա ամուր սեղմում է թիկնոցը, իսկ աջով մատնացույց է անում առջևի բազալտե
թեք հարթակին փորագրված իր թևավոր խոսքերը․
ԱՍՏՎԱԾ,
ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ, ԵՎ ՄԵՌՆԵԼ
ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ։
ՄԻ
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԱՌՋԵՎ, ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ
ՈՒՆԵՆԱ:
ԳԱՐԵԳԻՆ
ՆԺԴԵՀ
Արձանի
ներքում՝ թիկնոցին հպված բրոնզե թերթիկների բացված էջում, փորագրված է Նժդեհի խոսքը․ «ԻՄ ՀՈԳԻՆ ԶՈՒՅԳ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ՝ ԱՍՏՎԱԾ և ՀԱՅՐԵՆԻՔ»։
Արձանի
բարձրությունը 5.7 մ, ընդհանուր բարձրությունը՝ 6.7 մ է։ Այն հանդիսանում է մեծ հայորդու
հանդեպ հարգանքի տուրքի դրսևորում, որը ոչ միայն պահպանում է նրա հիշատակը, այլև սերունդներին
փոխանցում է նրա գաղափարները՝ դաստիարակելով ազգային ոգով և բարոյական ուժով։ Արձանի
ետնամասում Խաչքարերի պուրակն է, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանի և Հին Ջուղայի
17 խաչքարերի կրկնօրինակները (2014):