ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ - ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՌՈՒՄՏԻԿԻՆՑԻ ԶՈՀԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
1975
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Ռումտիկինը
(այժմ՝ Թուրքիայի Անգորայի նահանգի Ֆելահիյէ բնակավայրը) Արևմտյան Հայաստանի գյուղերից
է: Գտնվում է Փոքրասիական թերակղզու կենտրոնական մասում՝ Կեսարիա քաղաքից 43 կմ հյուսիս՝
Հալիս գետի ափին: Մինչև 20-րդ դարասկիզբը բաղկացած էր երկու հատվածից՝ արևելյան (թրքաբնակ,
200-300 տուն) և արևմտյան (հայաբնակ, 750 տուն՝ շուրջ 3000 հոգի): Շրջակայքը հարուստ
էր հուշարձաններով՝ քարայր-կացարաններ, բրոնզեդարյան դամբարաններ, աշտարակ «Դևի տուն»
և այլն: Ամենանշանավոր հուշարձանը գյուղի հյուսիսարևմտյան կողմում գտնվող «Լուսաղբյուր»
սրբավայրն էր, որի սպիտակ մարմարե ավազանում, ըստ ավանդության, մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը:
Ավազանը հիշեցնում էր միանավ եկեղեցու հատակագիծ (խորան և աղոթասրահ), իսկ նրա ջուրն
ուներ ջերմախտից բուժելու հատկություն:
1915
թ. Մեծ եղեռնի առաջին ամիսներին Ռումտիկինի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց ու դաժանաբար
սպանվեց: Քչերը փրկվեցին այդ դժոխքից ու 1918-ին վերադարձան գյուղ, բայց ստիպված եղան
վերստին այն լքել 1920 թ.: Մի մասը հանգրվանեց Խորհրդային Հայաստանում, մյուս մասը
սփռվեց աշխարհով մեկ:
1975
թ.՝ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, ՀԽՍՀ-ում և արտասահմանում ապրող ռումտիկինցիների
նախաձեռնությամբ, ի հիշատակ նահատակված համագյուղացիների, Սովետաշեն (այժմ՝ Նուբարաշեն)
տանող խճուղու սկզբնամասի աջակողմյան բարձրադիր հատվածում անվանի ճարտարապետ Ռաֆայել
Իսրայելյանի նախագծով կառուցվեց «Լուսաղբյուր» հուշաղբյուրը:
Բազալտե
հարթակի վրա վեր է խոյանում ուղղանկյուն կոթողը, որի դիմային ճակատի խորան-որմնախորշում
բացված 3 ծորակներից ջուրը հոսում է դիմացի ավազանի մեջ, կարծես հիշեցնելով հին Լուսաղբյուրի
հատակաձևը: Վերնամասում փորագրված է ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ:
Ետնամասից
սկսվող եզրապատը շարունակվում է աջ կողմում և ավարտվում է քանդակազարդ փոքր կոթողով,
որի կողային նիստին արծվաքանդակ է ու հիշատակագրություն. ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ 1915 ԹՎԻ
ՌՈՒՄՏԻԿԻՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
Հարթակը
և որմնախորշը բազալտից են, կոթողն ու պատերը՝ կարմիր տուֆից: Կոթողը ունի 8 մ բարձրություն: