ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։
Պետ. ցուցիչ՝ 1.6.174
Շենքի ճարտարապետ՝ Բագրատ Արազյան
Եղիշե
Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ ՀՍՍՀ նախարարների խորհրդի փետրվարի
8-ի որոշմամբ, Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1975 թ. հունվարի 30-ին։ 1978 թ. փետրվարին, բանաստեղծի
ծննդյան 80-ամյակի տոնակատարության օրերին, շենքի նույն հատվածի առաջին հարկը տրամադրվել
է պոեզիայի դահլիճին: Այնուհետև թանգարանին հատկացվել են երկրորդ և նկուղային հարկերը:
1987 թ. Չարենցի ծննդյան 90-ամյակի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության, և
ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է (ճարտարապետ՝ Կարեն
Ալեքսանյան): Շենքը կառուցված
է վարդագույն տուֆով: Թանգարանի մուտքը շեշտված է սև գրանիտի և բազալտի համադրությամբ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եղիշե Չարենցի տուն-թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները։ Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ, կրթական ծրագրեր և այլն։ Թանգարանն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ։